2015-ին Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելու համար օգտագործվելու են մշակութային բոլոր հարթակները
Հայաստանի մշակույթի նախարարությունը կարևորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ ընդգծելով, որ այդ միջոցառումների ասելիքը պետք է ուղղված լինի նախ հայ հասարակությանը, ապա նաև ամբողջ աշխարհին:
«Կարևոր է, թե ինքներս մեզ ինչ պետք է ասենք: Մենք պետք է նորից պատմենք մեր հարյուր տարվա պատմությունը: Կարևոր է, որ մենք կարողանանք այդ պատմությունը ճիշտ վերարտադրել»,- ասաց մշակույթի նախարարը:
Նա տեղեկացրեց, որ 2015 թ. ապրիլին Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է հայ ժողովրդի պատմությունը՝ Հայոց ցեղասպանությունից հետո: Այս նախաձեռնությունը, ըստ Հ. Պողոսյանի, իրականացվելու է մշակույթի նախարարության, Հայաստանի Ազգային արխիվի, Հայաստանի Պատմության թանգարանի, Պատմության ինստիտուտի, Մայր Աթոռի ջանքերով:
Մշակույթի նախարարը նաև հայտնեց, որ հաջորդ տարվա ընթացքում տարբեր երկրներում իրականացվելու մի շարք միջոցառումներ՝ «Քեզ հետ՝ Հայաստան» խորագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա նշեց, որ Հայաստանը մասնակցելու է 2015-ի ընթացքում կայանալիք բիենալեներին, փառատոներին, ցուցահանդեսներին՝ բոլոր հարթակներն օգտագործելով Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելու համար: