Վիգեն Սարգսյան. Կառավարման ակադեմիայում տեղի են ունենում բովանդակային զարգացումներ (տեսանյութ)
Ակադեմիայի շենքային պայմանների բարելավմանը զուգընթաց, շատ կարևոր է նաև, որ բովանդակային նոր զարգացումներ են տեղի ունենում: Այսօր Պետական Կառավարման ակադեմիայում մասնակցելով երկու նոր դասասենյակների բացմանը՝ իր խոսքում նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Դասասենյակները բացվել են «Էլեկտրոնային հանրային կառավարում» և «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» մասնագիտություններով ծրագրերի շրջանակներում:
«Էլեկտրոնային կառավարումը 21-րդ դարի կարևորագույն խնդիրներից է: Շատ լավ է, որ կառավարման ակադեմիան կարողանում է համընթաց քայլել այդ խնդիրների լուծման ուղղաությամբ»,-ավելացրեց Վ. Սարգսյանը:
Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Մենք ևս ութ բուհերում կունենաք նմանատիպ կրթական նոր բովանդակությամբ և տեխնիկական ռեսուրսներով հագեցված ծրագրեր»,-լրագրողների հետ զրուցում հայտնեց Աշոտյանը:
Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել է «Միջազգային կրկնակի դիպլոմի ծրագրեր «Էլեկտրոնային հանրային կառավարում» և «Էլեկտրոնային բիզնես կառավարում» մասնագիտություններով» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի կոնսորցիումի անդամներ են հայաստանյան երկու բուհեր` ՀՀ պետական կառավարման ակադեմիան (կոնսորցիումի ղեկավար) և Եվրասիա միջազգային համալսարանը, ինչպես նաև Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ծրագրի գլխավոր նպատակն է ապագա կառավարիչների և հանրային ծառայողների կրթության համար անհրաժեշտ պայմանների և կրթական ծրագրերի ստեղծումը:
Ծրագիրը հնարավորություն է տալիս ապագա ուսանողներին եվրոպական կրթական ծրագրերով ուսումնառություն անցնելու և ցանկության դեպքում շարունակելու Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում:
Ընդունվելով Պետական կառավարման ակադեմիա կամ Եվրասիա միջազգային համալսարան` դիմորդը միաժամանակ դառնում է և՛ հայաստանյան, և՛ լիտվական բուհի ուսանող` մեկ կիսամյակ սովորելով Վիլնյուսում, երեք կիսամյակ` Երևանում: Ուսումնառության ավարտին ուսանողը կստանա երկու դիպլոմ` եվրոպական և հայկական:
Մանրամասները տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան