Ադրբեջանը ոչնչով չի կարող հակադրվել վիճելի հանքավայրի շահագործումը սկսող Իրանին. ադրբեջանական մամուլ
Մոտ ժամանականերում Իրանը կարող է սկսել Կասպից ծովում տեղակայված «Սարդար Ջանգալ» նավթահանքից նավթահանման առաջին ծավալների նախապատրաստումը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հագըն.ազ» լրատվական պորտալը՝ հղում կատարելով իրանական ԶԼՄ-ներին:
Իրանը, որը Պարսից ծոցում իր տրամադրության տակ ունի ածխաջրերի հսկայական պաշարներ, ավելի վաղ ուշադրություն չէր դարձնում Կասպից ծովի վերոհիշյալ հանքին: Սակայն վերջին տարիներին երկրի նավթի նախարարությունը ձեռնամուխ է եղել նաև կասպյան պաշարների յուրացմանը: Այսպես, 2012-ի մայիսին ավարտվել է «Սարդար Ջանգալի» նավթահանքում առաջին հետախուզական նավթահորի հորատումը:
Իրանական կողմի գնահատականով` այստեղ նավթի ընդհանուր պաշարը կազմում է մինչ 8 մլրդ բարել, և 25 տոկոս գործակից դուրս բերելու դեպքում նավթի պաշարները կարող են հասնել 500 մլն բարելի: Այժմ ուսումնասիրվում է նավթի առաջին ծավալնների ստացման հարցը, որի համար նախատեսվել էր այստեղ երկրորդ հետախուզական նավթահորի հորատում սկսել` նավթի պաշարների մասին առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու համար: Ինչպես հաղորդում են «Խազար» նավթային ընկերության ներկայացուցիչները, այստեղ մոտակա հինգ տարվա ընթացքում կարելի է հասնել մինչև 15-20 հազար բարել նավթի: Բնական գազի պաշարները 50 տրիլիոն կուբամետր են, ինչն ավելին է, քան ադրբեջանական «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահդենիզ» խոշոր հանքավայրերի պաշարները միասին վերցրած:
Նշվում է, որ 2011-ի դեկտեմբերին բացված հանքավայրը տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանին, սակայն պաշտոնական Թեհրանն իր հայտարարություններում կտրականապես հերքում է Ադրբեջանի մասնակցությունն այդ հանքավայրի շահագործմանը, որը կարող է հանգեցնել երկու երկրների միջև հերթական հակասության ծագմանը:
2014-ի սկզբին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը վիճարկում է «Սարդար Ջանգալ» նավթագազահանքի պատկանելությունն Իրանին: Նրա խոսքերով՝ ածխաջրերի պաշարներով հարուստ հանքավայրը, որի մասին անցյալ տարի հայտարարել էր իրանական կողմը, ոչ մի առնչություն չունի այդ երկրի հետ: «Տվյալ հանքավայրը Թուրքմենստանի և Ադրբեջանի տարածքների միջև ընկած հատվածում է, և ոչ մի կապ չունի Իրանի հետ», - հայտարարել էր նա:
Հիշեցնենք, որ 2001-ի հուլիսին իրանական Ռազմածովային ուժերը ստիպել են Ադրբեջանի երկրաբանական նավերին լքել «Արազ-Ալով-Շարգ» պայմանագրային հրապարակը՝ հիմնավորելով, թե Կասպից ծովի կարգավիճակը դեռևս որոշված չէ, ուստի այդ տարածքը վիճելի է, իսկ լուծումը, ըստ իրանական տարբերակի, ծովի ջրային տարածքների բաժանումն է: Սակայն եթե բաժանումն արվի միջին գծով, ինչպես առաջարկում է Ադրբեջանը, ապա «Սարդար Ջանգալն» ամբողջությամբ ադրբեջանական մասում կհայտնվի:
«Բայց Բաքուն չի կարող Թեհրանի նկատմամբ սթափ գործել, էլ չասած` հստակ քայլերը: Միջազգային կառույցների օգնությանը դիմելը ևս իմաստ չունի. Իրանը նրանց ոչ մի նշանակություն չի տալիս և բաց չի թողնի նման օգուտները: Բայց այդպիսի դիմումների առկայության մասին վկայում են Wikileaks-ի հրապարակած 2009-2010 թթ. դիվանագիտական հեռագրերը: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է հուսալ միայն, որ տվյալ հանքավայրի մշակման դեպքում Ադրբջանին նույնպես կարող է ինչ-որ բան հասնել «իրանական» նավթի փոխադրման համար»: Այո՛, Իրանն այսօր չունի համապատասխան ենթակառուցվածք կասպյան նավթի պաշարները Պարսից ծոց հասցնելու նպատակով, իսկ նոր նավթամուղ կառուցելը չափազանց թանկ է. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով փոխադրումն ավելի էժան կարժենա»,- գրում է պորտալը: