Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2014 թ. լավագույն ֆուտբոլիստ
«Հարսնաքար» համալիրում երեկ երեկոյան կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014 թվականի մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, որին մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, Հայաստանի ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլային հանրության, մեդիայի ներկայացուցիչներ, հյուրեր:
2014 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքում ձևավորվել էր այսպիսի եռյակ. Հենրիխ Մխիթարյան, Ռոման Բերեզովսկի և Ռոբերտ Արզումանյան:
Հայաստանի 2014 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով՝ Մխիթարյանը հինգերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Հենրիխ Մխիթարյանի անունը 39 անգամ նշվել է առաջին, 6 անգամ երկրորդ և 2 անգամ՝ երրորդ տեղում: Հավաքելով 215 միավոր՝ Հենրիխ Մխիթարյանը հռչակվեց 2014 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ վաստակելով 96 միավոր: Ռոման Բերեզովսկու անունը 6 անգամ նշվել է առաջին, 19 անգամ երկրորդ և 9 անգամ՝ երրորդ տեղում:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, վաստակելով 59 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը: Արզումանյանի անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ երկրորդ և 16 անգամ՝ երրորդ տեղում:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ «Ոսկե գնդակը», 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգևը և հատուկ պատվոգիրը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ռոման Բերեզովսկու մրցանակը՝ «Արծաթե գնդակը», 2800000 ՀՀ դրամ դրամական պարգևը և հատուկ դիպլոմը հանձնեց մեր լեգենդար դարպասապահի եղբորը:
Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից ստացավ «Բրոնզե գնդակ» մրցանակը, 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգևը և հատուկ դիպլոմը:
ՀՖՖ նախագահը շնորհավորական ուղերձով դիմեց բոլորին, ինչպես նաև անդրադարձավ 2014 թվականի ֆուտբոլային տարվան:
2014 թվականին ևս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բաց, հրապարակային, բոլորին հասանելի և հստակ կանոնակարգված գործընթացով անցկացրեց քվեարկությունը «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում:
Ինչպես հայտնի է, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները:
Ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:
2014-ի փակ գաղտնի քվեարկությանն է ներկայացվել 72 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 54 մարդ:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները և Մեդիայի ներկայացուցիչները:
Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:
Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Տարվա լավագույնների անունները հայտնի են դառնում միայն ՀՖՖ մրցանակաբաշության հանդիսավոր երեկոյի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան