Վեց ամսում ԻԼԻՊ-ը մահապատժի է ենթարկել մոտ 2000 մարդու
«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» վերջին 6 ամսում Սիրիայում սպանել է 1878 մարդու` մեծամասամբ խաղաղ բնակիչների: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Վերջին մահապատիժների մասին զեկույցը հիմնված էր Սիրիայի արևելյան շրջաններից եկող հաղորդագրությունների վրա:
Տեսանյութում Ալ-Բուկամալ քաղաքում ԻԼԻՊ-ի գրոհայինները կրակում են մրցակից «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման անդամի և մեկ քաղաքացու վրա:
Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել-Ռահմանի խոսքով, սպանվածներից 1175-ը խաղաղ բնակիչներ են, որից 8-ը կին և 4-ը` երեխա: ԻԼԻՊ-ը սպանել է նաև Սիրիայի կառավարական բանակի 502 զինվորի և 81 հակաասադական ապստամբներ:
Ըստ նրա ունեցած տվյալների` ԻԼԻՊ-ը պատժում է նաև իր գրոհայիններին: Նոյեմբերից 116 օտարերկրացի զինյալներ, ովքեր ցանկացել են վերադառնալ տուն, սպանվել են Ռաքքայում, Դեր Զորում և Հասակե նահանգներում: Եվս 4 գրոհային սպանվել են այլ հանգամանքներում: