Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից Ամանորին. Մասնագետի խորհուրդները
Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից Ամանորին: Հարցին այսօր անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:
Բանախոսի առաջին խորհուրդը սննդամթերքը պատրաստելիս մաքրության ապահովումն է:
«Ամենակարևորը մաքրության հնարավորինս ապահովումն է խոհանոցում, խոհանոցային պարագաների, մեր ձեռքերի»,- ասաց նա` հավելելով, որ սալաթներ կամ այլ ճաշատեսակներ պատրաստելուց առաջ մաքուր լվանալ բանջարեղենն ու միսը, ինչպես նաև այդ ամենը կտրատել առանձին դանակով:
«Միանգամից մի քանի տեսակ ճաշատեսակներ պատրաստելուց խառը մթերքներ կտրատելուց, նույն գդալով խառնելը ևս անվտանգ չէ»,-նշեց նա:
Մասնագետը նաև խորհուրդ է տալիս հում և եփած սննդամթերքը իրարից հեռու պահել, որպեսզի հումը չաղտոտի եփածը: Բացի այդ, ըստ Ն.Բակունցի, պետք է հում մթերքը, հատկապես միսը լավ եփել, որ մանրէները ոչնչանան:
«Թե հում, թե պատրաստի սննդամթերքը պետք է պահել իրենց համապատասխան ջերմաստիճանային պայմաններում: Իսկ այն պատրաստեք ու մատուցեք թարմ վիճակում, այսինքն՝ սեղանին դնելուց անմիջապես առաջ»,- հորդորեց տվեց Ն.Բակունցը:
Այսպիսով, մասնագետը խորհուրդ է տալիս տոնական օրերին ուտել միայն թարմ սննդամթերք, ինչպես նաև չչարաշահել ալկոհոլը:
«Աշխատեք Ամանորը տոնել, այլ ոչ թե ուտել»,- ասաց Ն.Բակունցը: