Քաղաքական վերլուծաբանը՝ 2015-ին հայ-ադրբեջանական հնարավոր լարվածության մասին
«Տարվա երկրորդ կեսում հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը, տարածաշրջանում կատարվողը, ինչպես նաև Ադրբեջանում, թույլ են տալիս ինձ ասել, որ 2015-ին ևս կունենանք մեծ ռիսկեր: Նույն ուղղաթիռի խոցման պատմությունը, այս օրերին դիվերսիաների պատմությունը դրա վկան են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ըստ Սաֆարյանի՝ Ադրբեջանին ագրեսիվ քայլերի դրդում են ոչ միայն ՀՀ միջազգային հարաբերություններում ունեցած անորոշությունները, այլև Ադրբեջանի՝ միջազգային վերահսկողությունից դուրս հայտնվելը և համատարած պարտավորություններին դեմ գնալը:
«Ալիևի այս քայլերը ոչ միայն ներքին ընդդիմախոսներին լռեցնելու կամ քաղաքական բազմակարծությունը վերացնելու նպատակ է հետապնդում, այլ այդ արկածախնդրությունը հնարավորինս լավ լուսաբանելու, ճիշտ լուսաբանելու, խնդիրներ չունենալու համար է»,- նշեց Սաֆարյանը:
Ըստ Սաֆարյանի՝ 2015-ին նմանատիպ լարվածությունը սպասելի է, հատկապես եթե միջազգային հանրությունը փորձի ակտիվացնել բանակցային գործընթացը: Վերլուծաբանը նշեց նաև, որ բանակցային գործընթացներն ավելի են լարվածությանը նպաստում, քանի որ, ինչպես նկատվել է, յուրաքանչյուր պաշտոնական հանդիպումներին հաջորդում են սահմանին վտանգավոր միջադեպերը:
Սաֆարյանի խոսքերով՝ 2015-ը նույնքան կարևոր է լինելու ՀՀ համար, որքան 2014-ը՝ ռիսկերի առումով: Ադրբեջանը հույսեր ունի, որ 2015-ին ՀՀ-ն բզկտված կլինի, ներքին առումներով՝ թուլացած, հասարակական դժգոհությունը մեծ կլինի, ընդդիմության գործողությունների հավանականությունը շատ կլինեն:
«Ադրբեջանի դիտարկումով՝ ՀՀ-ն և Ղարաբաղը տարբեր, առանձին հարթություններում են գտնվում»,- պարզաբանեց Սաֆարյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի մտավախությունները՝ ՀՀ ԵՏՄ անդամակցության և այդ միությունում Արցախի լինել-չլինելու հետ կապված: