Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի 2014 թ. լավագույն մարզիչ
«Հարսնաքար» համալիրում երեկ երեկոյան կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014 թվականի մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, որին մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, Հայաստանի ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլային հանրության, մեդիայի ներկայացուցիչներ, հյուրեր:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամ, 2014 թ. Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, այժմ Հայաստանի երիտասարդական հավաքականի և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, հավաքելով 154 միավոր և 82 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղից, արժանացավ տարվա լավագույն մարզչի մրցանակին:
Սա մեր լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանի մարզչական առաջին նվաճումն է: Տարվա լավագույն մարզիչը պարգևատրվեց մրցանակով, հատուկ դիպլոմով և 2 միլիոն ՀՀ դրամ պարգևով:
Սարգիս Հովսեփյանը հարգելի պատճառով ներկա չէր երեկոյին, և մրցանակը 2014 թ. լավագույն մարզչին կհանձնվի ավելի ուշ:
Երկրորդ տեղում է Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը, ով հավաքել է 72 միավոր: Երրորդ տեղում Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է, ով հավաքել է 64 միավոր:
2014 թվականին ևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բաց, հրապարակային, բոլորին հասանելի և հստակ կանոնակարգված գործընթացով անցկացրեց քվեարկությունը «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում:
2014-ի փակ գաղտնի քվեարկությանն է ներկայացվել 15 մարզչի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 54 մարդ:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները և Մեդիայի ներկայացուցիչները:
Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:
Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:
Տարվա լավագույնների անունները հայտնի են դառնում միայն ՀՖՖ մրցանակաբաշության հանդիսավոր երեկոյի ընթացքում: