Եվրոյի փոխարժեքն անկում է ապրել՝ հասնելով 2006-ի մակարդակին
Եվրոպական արժույթի փոխարժեքը հունվարի 5-ի գործարքների արդյունքում ընկել է՝ հասնելով 2006թ-ի մարտին գրանցված նվազագույն մակարդակին։ Առքուվաճառքի հենց սկզբում եվրոյի փոխարժեքն ընկել է մինչև 1,1864 դոլար։ Դրանից հետո այն բարձրացել ու կազմել է 1,1946 դոլար, սակայն այս ցուցանիշը նշանակալիորեն ցածր է մինչտոնական մակարդակից, երբ փոխարժեքը կազմում էր 1,2097 դոլար, հաղորդում է Deutsche Welle պարբերականը։
Դոլարն իր հերթին գրանցել է իննամյա ամենաբարձր կուրսը։ Դրա ամրապնդման արդյունքում նավթի գները շարունակել են ընկնել։ Հունվարի 5-ի առավոտյան ասիական շուկաներում ամերիկյան WTI մակնիշի նավթի գինը նվազել է մեկ բարելի համար մինչև 51,5 դոլար, իսկ եվրոպական Brent ապրանքանիշի նավթի գինը ընկել է մինչև 55,38 դոլար 1 բարելի դիմաց։
Der Spiegel պարբերականի դիտարկմամբ՝ եվրոյի փոխարժեքի շարունակական անկումը նկատվում է նախորդ տարվա կեսերից։ Փորձագետների կարծիքով՝ այս միտումը կպահպանվի նաև 2015թ-ի ընթացքում, և եվրոն կարող է ընկնել մինչև 1,15 դոլար մակարդակը։
Եվրոյի փոխարժեքի վրա ներկայումս հստակ ազդեցություն է ունենում նաև Եվրոպական Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը։ Նախորդ շաբաթ լույս տեսավ այս ֆինանսական կառույցի ղեկավար Մարիո Դրագիի հարցազրույցը, որտեղ պաշտոնյան խոստացավ ոչ ստանդարտ մեթոդներով պայքարել եվրագոտում տեղի ունեցող դեֆլյացիայի դեմ։
ԶԼՄ-ներում շրջանառվում են նաև կարծիքներ, որ եվրոյի փոխարժեքի վրա իր ազդեցությունն ունեցան նաև Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների այն դիտարկումները, որ Հունաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում այդ երկիրը հնարավոր է դուրս գա եվրագոտուց։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները