Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է արգելված կուսակցություններից մեկը
Նախօրեին երեկոյան Ստամբուլի ոստիկանության բաժանմունքներից մեկի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության իրականացման պատասխանատվությունը ստանձնել է արգելված Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությունը (ճակատ): Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «The People's Cry» կայքում հրապարակված կազմակերպության հայտարարությանը:
Նշենք, որ երեկ «մահապարտի գոտիով» զինված կինը պայթեցրել է իրեն ոստիկանության բաժանմունքի մոտակայքում: Պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել է երկու ոստիկան, նրանցից մեկը հետագայում մահացել է, իսկ մյուսի առողջական վիճակին վտանգ չի սպառնում:
Հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ հարձակումը կազմակերպվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ` ամռանը Ստամբուլում անցկացրած «Գեզի այգու» հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ 15-ամյա Բերքին Էլվանի սպանության պատճառով:
Հիշեցնենք, որ պատանու գլխին գազի նռնակ էր ընկել, ինչ հետևանքով նա մոտ ինը ամիս գտնվել է կոմայի մեջ: Չնայած բժիշկների ջանքերին` տղան մահացել է մարտի 11-ին Օքմեյդանի քաղաքի հիվանդանոցում: