Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային` 46,3 միլիոն մարդու ցուցանիշի
Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային` 46,3 միլիոն մարդու ցուցանիշի: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոսստի» լրատվական գործակալությունը` հղում անելով այսօր հրապարակված ՄԱԿ փախստականների վարչության զեկույցին:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ իրենց տները լքած տեղահանվածների թիվը, որոնց ՄԱԿ-ի փախստականների վարչությունն օգնություն է ցուցաբերում, 2014-ի կեսին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 46,3 միլիոնի:
«2014-ին մենք տեսանք, որ մեր հովանու տակ գտնվող անձանց թիվը աճել է՝ հասնելով աննախադեպ մակարդակի»,- զեկույցում մեջբերվում է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի խոսքը:
«Քանի դեռ միջազգային հանրությունը չի կարողանում գտնել գոյություն ունեցող հակամարտությունների քաղաքական լուծումը, ինչպես նաև ի զորու չէ կանխելու նոր հակամարտությունների բռնկումը, մենք գործ կունենանք այդ ամենի դրամատիկ հումանիտար հետևանքների հետ»,-նշում է Անտոնիո Գուտերեշը:
Զեկույցում որպես փախստականների թվաքանակի աճի դրդապատճառ մատնանշվում են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ընթացող պատերազմները: Շեշտվում է, որ օգնություն է ցուցաբերվում մարդկանց, որոք լքել են հակամարտության գոտիները Սիրիայում, Աֆղանստանում, Սուդանում, Հարավային Սուդանում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Մյանմայում, Իրաքում և այլ թեժ կետերում: