Տոնական օրերին շտապօգնության կանչերի թիվն ավելացել է
Ամփոփելով ամանորին Երևանի Շտապօգնության կանչերը՝ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասում է, որ տոնական օրերին նախորդ տարվա համեմատ կանչերն ավելացել են, և շտապօգնությունն աշխատել է բավական լարված:
Panorama.am-ի հետ զրույցում Թ.Ստեփանյանը նշեց, որ այս պահին չի կարող թվային տվյալներ ներկայացնել, քանի որ դրանք դեռ ամփոփում են, իսկ հունվարի 12-ից հետո շտապօգնության ծառայությունը կներկայացնի ամանորյա տոների հաշվետվություն:
«Միայն կարող եմ ասել, որ կանչերի թիվը բավականին շատ է: Իհարկե ամեն տարի էլ ամանորին կանչերն ավելանում են»,- ասաց նա՝ հավելելով, որ կանչերից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, սուր շնչառական հիվանդությունները:
Ինչ վերաբերում է ստամոքսի խանգարմանը, ինչպես նաև ալկոհոլային թունավորումներին, ապա տոնական օրերին, ըստ Թ.Ստեփանյանի, նման դեպքերն այդքան շատ չեն եղել: