Հստակեցվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ուղղված Թուրքիայի «գործողությունների ծրագիրը»
Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած դեսպանների ամենամյա 7-րդ համաժողովում, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահի արտաքին հանձնաժողովների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում արված հայտարարություններով հստակեցվեց թուրքական «գործողությունների ծրագիրը»՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ 2015 թվականին ընդառաջ:
Ըստ դրա՝ հարցը պատմաբաններին թողնելու թեզը նորից շրջանառության մեջ կդրվի, եկեղեցիների վերականգնումը առաջնահերթ հարցերից մեկը կլինի, իսկ արտաքին կոմիտեների անդամները դրսում «ապշեցուցիչ» լոբբինգ կիրականացնեն: Այս մասին գրում է «Ագոսը»:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը խորհրդարանի արտաքին հանձնաժողովների և միջազգային խորհրդարանական ասամբլեաներում թուրքական հանձնաժողովների ղեկավարների հետ հանդիպմանը ասել է, որ 2015 թվականին թուրքական լոբբին ողջ աշխարհում պետք է ակտիվ գործունեություն ծավալի:
Չիչեքը նշելով, որ պետք է նորից շահարկել հարցը պատմաբաններին թողնելու թեզը, ասել է. «Ոմանք այպես կոչված ցեղասպանության համար 2015 թվականը թիրախ դարձնելով՝ ողջ աշխարհով մեկ արշավ են իրականացնում: Թուրքիան պետք է սրան հակադարձ լոբբինգ անի: Իսկ պատմական իրադարձությունները անհրաժեշտ է թողնել պատմաբաններին: Առանց պատմաբանների միասնական հանձնաժողովի աշխատանքների արդյունքը ստանալու խորհրդարանների՝ որոշում կայացնելը ճիշտ չէ: Մենք կգործենք հիմնվելով հանձնաժողովի որոշման վրա: Անհրաժեշտ է միջազգային հանդիպումների ժամանակ այս հարցի վրա շեշտը դնել»:
Բացի այդ ԵՄ-ում թուրքական հանձնաժողովի նախագահ Մեհմեթ Թեքելիօղլուն ասել է, որ 2015 թվականին Թուրքիան անակնկալ և «ապշեցուցիչ» գործունեություն կծավալի:
Իր հերթին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը դեսպանների համաժողովում ելույթի ժամանակ ասել է, որ 2015 թվականին «մշակութային դիվանագիտություն» տերմինը շրջանառության մեջ կդրվի:
Չելիքը նշել է, թե առանց կրոնական խտրականություն դնելու Թուրքիան մշակութային արժեքների պահպանությանն ու եկեղեցիների վերականգնմանը կարևորություն է տալիս և ավելացրել, որ Անի պատմական քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու համար Թուրքիան փետրվար ամսին կարևոր քայլ կանի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովում նույնպես անդրադարձել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Թուրքիայի անելիքներին, ասելով որ 2015 թվականին թե Թուրքիայի արտգործնախարարությունը, և թե այլ համապատասխան հաստատություններ համակարգված աշխատանք կիրականացնեն՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավներին: