Սիրաշահելու փորձեր. Թուրքիան գործի է դնում «մշակութային դիվանագիտություն» կոչվող նախագիծը
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ծրագրել է կյանքի կոչել «մշակութային դիվանագիտություն» կոչվող նախագիծը: «Ermenihaber.am» լրատվականը, հղում տալով թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերականի էլ-կայքին, տեղեկացնում է, որ այդ նախագիծն իրենից ներկայացնում է հայ և թուրք երիտասարդների միջև փոխադարձ իրազեկության մակարդակի բարձրացում, ինչպես նաև հայերի համար սուրբ նշանակություն ունեցող կառույցների վերանորոգում, այդ թվում և Անիի հինավուրց սրբավայրերը:
Նախարարությունում կարծում են, որ երկու ժողովուրդների երիտասարդները բավականաչափ իրազեկ չեն 1915-ին տեղի ունեցածի մասին, իսկ լավագույն դեպքում տեղեկացված են շատ միակողմանիորեն: Հետևաբար, ըստ թուրքական նախարարական այդ գերատեսչության, կարիք կա երիտասարդների մերձեցման, փոխադարձ ըմբռնման և միմյանց հանդեպ հարգանքի սերմանման:
«Մշակութային դիվանագիտություն» նախագծի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մշակութային փոխանակման և ժամանցային ծրագրեր, որոնց պիտի մասնակցեն հայ և թուրք երիտասարդները: Ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն հայաստանաբնակ, այլ նաև արտերկրում հաստատված հայ երիտասարդներին:
«Մշակույթի և զբոսաշրջության նախարարության համակարգմամբ իրականացվելիք նախագծի աշխատանքները գործադրվելու են դիվանագետներից, գիտնականներից, պատմաբաններից, մշակութային գործիչներից և պետական պաշտոնյաներից կազմված համապատասխան քարտուղարության կողմից»,- գրում է «Աքշամ»-ը:
Նախագծի իրականացումը ենթադրում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործընթացներ: Աջակցություն է լինելու ազգային ու միջազգային հ/կ-ների կողմից: Նպատակ է դրվել միջմշակութային երկխոսության միջոցով մեղմել երկու հանրությունների միջև առկա լարվածությունը: Վերոնշյալ ծրագրերին մասնակցող հայ և թուրք երիտասարդներին նախատեսվում է պատմական փաստաթղթերի վկայակոչմամբ նեկայացնել 1915-ի ողջ իրադարձությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները