Թանկյան. Ուզում էինք Թուրքիան էլ ներառել մեր Wake up the Souls շրջագայության մեջ
Ռոլինգ Սթոուն կայքը հրապարակել System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի տված հարցազրույցը լրագրող Քորի Գրոուին: Գրոուն իր նյութը վերնագրել է «Արյունալի պատմությունը` System of a Down –ի շրջագայությունների շրջանակներում»: Գրոուն նաև մի քանի տողով անդրադարձել է 1915 թվականի իրադարձություններին՝ նշելով, որ Սիսթըմ օֆ ը դաունի բոլոր անդամներն այդ ցեղասպանությունը վերապրածների որդիներ են:
Քորի Գրոուի հարցին, թե ինչու է խումբը հանդես գալիս այս թեմայով, և ինչու է որոշել ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված գործունեությունը շրջագայության տեսքով պլանավորել, Թանկյանը նշել է. «Մենք ուզում ենք, որպեսզի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը հանգեցնի նրան, որ մարդկությունը դադարի ինքն իրեն սպանել: Ես սա ժպտալով եմ ասում, քանի որ սա ծիծաղելի երևույթ է»:
«Մենք դեռ ականատեսն ենք ցեղասպանությունների,- ասել է Թանկյանը,- մամուլում կարդացի, որ սիրիական Դեր Զորում ԻՊ կողմից սպանվածների զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել: Սա ինձ հիշեցրեց Դեր Զորի ավազներում՝ ճիշտ նույն վայրում, 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ոսկորների մասին: Եթե սա սիմվոլիզմ չէ, ապա ի՞նչ կարող է լինել»,- հավելել է երգիչը:
Գրոուի այն հարցին, թե արդյոք խումբը երբևէ ելույթ ունեցել է Թուրքիայում, Թանկյանը պատասխանել է. «Ոչ: Մենք ուզում էինք Թուրքիան էլ ներառել մեր Wake up the Souls շրջագայության մեջ: Մեզ թույլտվություն էր անհրաժեշտ կառավարությունից, քանի որ բացեիբաց խոսում ենք ցեղասպանության մասին և հանդես ենք գալիս թուրքական կառավարության գործողությունների քննադատությամբ: Սակայն մենք թուրքական կողմից պատասխան չստացանք »:
Ըստ Թանկյանի՝ շատ հնարավոր է, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը: «Կարծում եմ՝ դա շատ հավանական է: Ես վերջերս կարդացել եմ, որ մի նոր օրինագիծ կա, որը ճանաչելու է անցյալի բոլոր հանցանքները, ներառյալ հայոց ցեղասպանությունը: Այն թուրքական խորհրդարանին է ներկայացրել քրդական փոքրամասնության ներկայացուցիչ Սեբահաթ Թունջելը: Չնայած, ես համոզված եմ, որ նրանք չեն հավաքի մեծամասնության ձայները՝ օրինագիծն ընդունելու համար: Այնուամենայնիվ, նրանց կողմից քաջ քայլ է՝ նման առաջարկով հանդես գալը, բացի այդ, դա խոսում է այն մասին, որ ժամանակները կարող են փոխվել, իսկ դա դրական տեղաշարժ է»,- նշել է Թանկյանը: