Ա. Հովհաննիսյան. ՀՀ ԶՈՒ-ն թույլատրել է միջդիրքային տարածքից հանել դիվերսանտի դիակը
ՀՀ Զինված ուժերը, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 17:30 ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը միջդիրքային տարածքում էր: Ցավոք փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը` ծնված 1935 թ: