Ռազմական կորուստների և արտաքին քաղաքականության առումով 2014 թվականն անհաջող էր Ադրբեջանի համար
Ադրբեջանի իշխանություններն իրենց անհաջողությունները, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում շարունակում են ներկայացնել որպես դրական ձեռքբերումներ, սակայն նման կեղծ դիրքորոշումն արդեն իսկ Ադրբեջանին դժվար կացության մեջ է դրել ժողովրդավարական աշխարհի առջև: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Ինչպես նշվում է նյութում, երկրի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն օրերս ծավալուն հարցազրույց է տվել՝ շարունակելով իշխանությունների վերոհիշյալ քաղաքականությունը:
Թերթը հիշեցնում է, որ Սեիդովի հայտարարությունները, թե իբր Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հաղթական էր, չի համապատասխանում իրականութանը, եթե հիշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ սրահում բողոքի ակցիա էր ընթանում, երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բախվեց իրեն ուղղված դժվար հարցերին, իսկ օրակարգում ներառված էր Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Բացի այդ, նույն ժամանակահատվածում խորացավ անդունդն Արևմուտքի և Ադրբեջանի փոխհարաբերություններում:
Ըստ աղբյուրի՝ հենց այդ ժամանակ Ադրբեջանը չկարողացավ խոչընդոտել Արցախի ստենդի ներկայացմանը Ֆրանսիայում կայացած միջոցառման ժամանակ:
«Ազադլիգ»-ը շեշտում է, որ 2014 թվականն Ադրբեջանի համար անհաջող էր նաև ռազմական ոլորտի կորուստների առումով: Բացի այդ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, գնահատելով երկրում իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում, ընգծել էր, որ այն հասել է ճգնաժամային կետին, իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնն Բրասսերն հայտարարել էր, թե «համակարգն Ադրբեջանում պետք է փոխվի»:
«Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանությունները զրկվել են նույնիսկ սեփական մշտական բարեկամներից և ի վիճակի չեն անգամ իրենց պաշտպանելու հնարավորությունը կիրառել: 2014-ին իշխամությունները «հնձեցին այն, ինչ ցանել էին»՝ բացառապես սեփական շահի վրա հիմնված քաղաքականության վարելու հետևանքով: Իսկ ահա այժմ միջազգային տարբեր կազմակերպությունները, հեղինակավոր մեդիա ռեսուրսները, հայտնի փորձագետներն Ադրբեջանը գնահատում են որպես հակաժողովրդավարական երկիր՝ անվանելով այն «աբսուրդիստան»,- գրում է թերթը:
«Ազադլիգ»-ը նշում է, որ 2015-ին պատժամիջոցները, ըստ երևույթին, անխուսափելի կլինեն, քանի որ Սամեդ Սեիդովն արդեն իսկ շտապել է հայտարարել ընթացիկ տարում Ադրբեջանի իշխանությունների վարած «արդյունավետ» քաղաքականությունը շարունակելու միտման մասին:
Նյութեր թեմայի շուրջ՝
ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելիս Ադրբեջանի իշխանությունը միայն հարված է հասցրել երկրի հեղինակությանը. «Ազադլիգ»
ԵԽԽՎ անկաշառ պատգամավորները փորձում են բացահայտել Ադրբեջանի կողմից կաշառվածներին
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵԽ գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի վրա չազդելու համար