Նախորդ տարվա համեմատ ալկոհոլային թունավորումներն ավելացել են. թունաբան
Հունվարի 1-12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 41 դեպք, որի 30-ից ավելին ալկոհոլային թունավորում է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Նա նշեց, որ 5-6 դեպք եղել է էսենցիայից և դողորայքից թունավորման, ինչպես նաև գազից թունավորման դեպքեր են եղել:
«Եթե նախկինում ալկոհոլային թունավորումների միջին տարիքը քառասունն էր, ապա հիմա այն բավականին նվազել է, ինչը շատ ցավալի է: Այս տարի ակլոհոլային թունավորման դեպքեր են գրանցվել 15 տարեկանից սկսած, որոնց մեջ կան նաև աղջիկներ և կանայք»,-ասաց թունաբանը:
Նա հայտնեց, որ անցած տարվա հունվարի առաջին 12 օրերին թունավորումներն ավելի պակաս են եղել՝ 34 դեպք: Նաև տեղեկացրեց, որ այսպիսի թունավորումների բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում և այն տևում է մի քանի ժամից մինչև մեկ ու կես օր: Պետպատվերով բուժումը չի վերաբերում խրոնիկ ալկոհոլիզմից բուժվողներին:
Թուբաբանի խոսքերով, ալկոհոլային թունավորումների աճը նկատելի է 2010 թվականից սկսած. «Ալկոհոլային թունավորումները կապված են ոչ թե խմիչքի որակի, այլ քանակի չարաշահման հետ»:
Նա խորհուրդ տվեց անգիտակից վիճակում գտնվող թունավորվածներին տնային պայմաններում օգնություն ցույց չտալ, այլ տեղափոխել հիվանդանոց: Իսկ եթե գիտակից են, կատարել ստամոքսի լվացում:
Մասնագետը վերջում ևս մեկ անգամ խորհուրդ տվեց առաջին հերթին զուսպ լինել, խմիչքը չչարաշահել, չխառնել և օգտագործել մեկ տեսակի խմիչք: