Ազատ մտածողն Ադրբեջանում կորցնում է ազատությունը. Թոմաս դե Վաալ
Քարնեգի հիմնադրամի՝ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալն իր «Ազատ մտածողն Ադրբեջանում կորցնում է ազատությունը» հոդվածում անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների դեմ իրականացված բռնությունների ընդգրկուն ալիքին և ձերբակալություններին:
Դե Վաալը, մասնավորապես, ներկայացրել է ադրբեջանցի գիտնական Արիֆ Յունուսի և հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ճնշումները և նրանց ձերբակալությունը:
«Անցած մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրել է ավելի ու ավելի անտանելի, ավտորիտար և հակաարևմտյան բնույթ:Արիֆ և Լեյլա Յունուսների կողքին մի շարք այլ բավական հարգված գիտնականներ, լրագրողներ, իրավաբաններ և իրավապաշտպաններ են բանտ նստեցվել կեղծ մեղադրանքներով: Խորհրդային միության բառապաշարով այս բոլոր մարդկանց կարելի է բնութագրել որպես «դիսիդենտ»», - գրել է դե Վաալը:
Հոդվածի հեղինակը ներկայացրել է Արիֆ Յունուսի կենսագրությունը, ղարաբաղյան հակամարտության հետազոտման և գիտական որոշ հիմնավորումների մեջ ունեցած ներդրումը, ինչպես նաև իր հետ ունեցած գործնական կապը: «Ինչպես և Բաքվի շատ այլ բնիկներ՝ Յունուսն ազգությամբ հայ մայր է ունեցել, սակայն ի տարբերություն շատերի՝ նա նախընտրել է չթաքցնել դա: Հայաստանում Յունուսը հարգված է շատերի կողմից, սակայն դա միևնույն ժամանակ բազմաթիվ խնդիրների պատճառ է», - գրել է հեղինակը:
Ըստ դե Վաալի՝ հենց հայերի հետ համագործակցությունն է եղել ադրբեջանական ղեկավարության խաղաքարտը, որով էլ Յունուսներին, Ռաուֆ Միրկադիրովին և մի շարք այլ գործիչների մեղադրել են և փորձել են սևացնել հասարակության առջև:
Անդրադառնալով Ադրբեջանում խոսքի ազատության դեմ ոտնձգություններին և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի փակմանը՝ դե Վաալը գրում է, որ դրա գլխավոր պատճառը ադրբեջանական ղեկավարության կողմից ստեղծված վիրտուալ իրականությունը պահպանելու ձգտումն է: