Թուրքական TRT-ի քրդալեզու հեռուստաալիքը վերանվանվել է TRT Kurdi
Թուրքական պետական հեռուստառադիոընկերության գլխավոր մենեջերը հայտարարել է, որ TRT 6 քրդալեզու հեռուստաալիքը վերանվանվում է TRT kurdi-ի: Այս մասին հայտնում է Թըդեյս Զամանը:
Անկարայում ալիքի հիմնադրման վեցերորդ տարելիցին իր ելույթում գլխավոր մենեջեր Շենոլ Գյոքան ընդգծել է, որ մարդիկ պետք է ողջունեն փոփոխությունները և հայտարարել, որ այսուհետ TRT 6-ը եթեր կհեռարձակվի TRT kurdi անունով:
TRT-ի քրդալեզու հեռուստաալիքն իր անվանափոխության մասին գրել է նաև Թվիթերի իր միկրոբլոգում: Հեռուստաալիքի անվանումը փոխվել է նաև Թվիթերում:
Քրդալեզու ալիքն իր հեռարձակումը սկսել էր 2009 թվականի հունվարի մեկից՝ քրդերենի քուրմանջի և սորանի, ինչպես նաև զազա բարբառներով: Հեռուստաալիքի գործարկման հետ միաժամանակ հեռարձակվել էր նաև քրդալեզու TRT 6 ռադիոկայանը:
Նշենք, որ այս կերպ թուրքական իշխանությունները փորձում են ընդլայնել Թուրքիայի քրդական համայնքի իրավունքները և այդպիսով ստեղծել ժողովրդավարական պետության պատրանք: