Թուրքական Զամանը երգիծական հանդես կհրատարակի
Թուրքական Զաման Դեյլի թերթը, որը 2014 թվականի դեկտեմբերի 14-ից թուրքական կառավարության կողմից ինտենսիվ ճնշման կիզակետում է եղել, ամեն երկուշաբթի երգիծական հանդես կթողարկի: Այս մասին գրում է Թըդեյս Զամանը:
Հանդեսը կտպագրվի որպես Զաման թերթի հավելված՝ երկուշաբթի օրերին: Գլխավոր խմբագիր Աբդուլլահ Յավուզ Ալթունը նշել է, որ համոզված է հանդեսի հաջողությանը. «Նույնիսկ նրանք, ովքեր Զաման չեն կարդում, չեն հապաղի տեսնել նրա երգիծական հանդեսը»:
Զամանը նշում է, որ դեկտեմբերի 14-ի գործողությունները իշխող կուսակցության գյուլենական շարժմանն ընդդեմ ուղղված ջանքերի գագաթնակետն է: Սակայն թերթի խմբագրությունը հավաստիացնում է, որ իրենք չեն ընկճվել դեկտեմբերյան իրադարձություններից:
«Մենք շարունակում ենք աշխատել այնպես, ասես ոչինչ չի եղել»,- նշել է խմբագրության աշխատակից Հասան Սութայը:
Ալթունը խոսել է նաև հանդեսի քաղաքականության մասին՝ նշելով, որ այն անդրադառնալու է կյանքի բոլոր ոլորտներին. «Քանի որ մենք միայն քաղաքական ուղղվածություն չենք ունենա, մարդիկ կհասկանան, որ մեր նախագիծը կառավարությանը տապալելու նպատակ չունի»:
Ահմեդ Թուրան Ալքանը, ով Զամանի հայտնի սյունակագիրներից է, և հայտնի է իր հոդվածներում երգիծանքի գործածմամբ, ևս ընդգրկված է նոր՝ Püff հանդեսի կազմում: Նա հայտարարել է, որ հանդեսի նպատակը որոշակի մարդկանց ծաղրելը չէ:
«Այն ամենն, ինչի կարիքը մենք ունենք, ինքներս մեզ հայելու մեջ նայելն է: Մենք պետք է ինքնաքննադատությամբ զբաղվենք: Եթե դու կարողանում ես առողջ ինքնաքննադատությամբ զբաղվել, դու ճկուն կլինես: Ճկունությունն այն է, ինչ հիմա պետք է Հիզմեթ շարժմանը»,- նշել է Ալքանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հանդեսը կունենա որոշակի սահմանափակումներ, Սութայը նշել է, որ անշուշտ, կլինի այն «կարմիր գիծը», որն իրենք չեն հատի, եթե անգամ հատեն, ընթերցողներն իրենց կզգուշացնեն այդ մասին:
Püff հանդեսի մեկնարկը տրվում է ֆրանսիական Շառլի Էբդո երգիծական ամսագրի վրա տեղի ունեցած հարձակման ֆոնին: Püff-ի խմագիր Ալթունը հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք պետք է դատապարտի Շառլի Էբդոյի վրա կատարված բիրտ հարձակումը:
«Երբ մենք դեռ ծրագրում էինք երգիծական հանդեսի մեկնարկը, ես Փարիզ էի գնացել, և առաջին բանը, որ արել եմ, Շառլի Էբդոյի օրինակ գնելն էր: Եվրոպայում, համեմատած այստեղի հետ, քննադատությունը և երգիծանքը շատ ավելի ագրեսիվ են, այնտեղ ոչ մի սրբություն չկա: Շառլի Էբդոյի երգիծանկարները մեր մարգարեի մասին շատերի մոտ բացասական արձագանք գտան: Այդ նույն ամսագրում կային նաև նվաստացուցիչ պատկերներ Հիսուսից և Մովսեսից: Այդ է պատճառը, որ շատ եվրոպացի մեկնաբաններ չխուսափեցին խստորեն քննադատել Շառլի Էբդոյին»,- հայտարարել է Ալթունը:
Վերջինս սակայն, հավելել է , որ Շառլիի հետ տեղի ունեցածն օգնել է իրենց նորելուկ հանդեսին հասկանալ ազատության կարևորությունը: Ալթունը հայտարարել է, որ իրենք, այնուհանդերձ, Շառլի Էբդոյի կողքին են, և պետք է խոսքի ազատության սահմանափակման դեմ ձայն բարձրացնեն ու պայքարեն դաժան սպանությունների դեմ: