Աղվան Վարդանյան. ՀՅԴ-ն իր անելիքն անելու է, անկախ նրանից, թե ինչեր են ասում կողքից
«Հայաստանի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ձևավորվել է կարևորագույն խնդիր. հաղթահարել քաղաքական մենիշխանությունը, բարեփոխումներով երաշխավորել իշխանության ընտրովիությանը, հաշվետվողականության և փոփոխելիության (իշխանափոխության) ժողովրդվարական գործընթացների անխափանությունը, վերապահել քաղաքացիական հասարակությանն ակտիվ դերակատարություն՝ իշխանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար: Հայեցակարգով առաջադրվող լուծումներն ընդանուր առմամբ կարող են նպաստել ժամանակակից սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետության կառուցմանը՝ ապահովելով մարդու հիմնական իրավունքների իրացումը: Սրանք Հայ Յեղափոխական դաշնակցության գնահատականներն են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը:
«Մենք ներկայացնում ենք մեր գնահատականները, առաջարկությունները, թե ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի նոր Սահմանադրությունը համապատասխանի մեր պատկերացումներին»,- ասաց նա:
ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ իրենց առաջարկություններով ցանկանում են ավելի հստակեցնել առաջարկվող փոփոխություններն ու դրանց ուղղվածությունը. «Երկրում առկա պրոբլեմները պահանջում են իրականացնել ոչ թե պարզ, այլ ամբողջական իշխանափոխություն, զուգահեռ կատարվի համակարգի փոփոխություն: Մեր հիմնական խնդիրն այն է լինելու, որ պարզ հասարակության համար պարզ դառնա, որ կենցաղային մակարդակում եղած խնդիրները կապված են Սահմանադրության հետ: Եթե չենք կարողանալու այդ կապը տեսնել եղած խնդիրների ու Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, սխալ կգնանք: Այդ կապը հաստատված է աշխարհի փորձով»:
Նրա կարծիքով, այսօր ամբողջ իշխանությունը կենտրոնաած է մեկ ինստիտուտի ՝ նախագահական աթոռի շուրջ: Ըստ նրա, պետք է հրաժարվել նախագահական աթոռից: Ա. Ռուստամյանի խոսքով, առաջիկայում նախատեսում են քաղաքական կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական ուժերի, մտավորականների հետ՝ քննարկելու իրենց կողմից ներկայացված առաջարկությունները: Նա նշեց, որ իրենց ներկայացրած առաջարկությունների փաստաթուղթը կենդանի է, կարելի է այն լրացնել. «Եթե մեր առաջարկությունները չընդունվեն, նշանակում է հրաժարվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված հայեցակարգից, խորհրդարանական համակարգի մոդելից»:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի կողմից սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը չտեսնելու խնդրին, Ա. Ռուստամյանն ասաց. «Թող մի երկու առաջարկ էլ իրենք անեն, ավելի հստակեցնենք ու միասին պահանջենք: Նման դեպքում իշխանություններն ավելի կզիջեն: Էլի միայնական ենք գնում: Դաշնակցությունն անում է, ստեղծում է պայմաններ, բոլորն օգտվում են այդ պայմաններից, հետո հայհոյում են ՀՅԴ-ականներին: Եկեք միասին անենք, խանդի տեսարան չստեղծենք, խորքային փոփոխություններով երկիրը տանենք առաջ: Բոլորն ասում են առճակատում չեն ուզում երկրում իշխանափոխության հասնելու հարցում, իսկ Հայաստանում կարելի է համակարգը փոխելով ու ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների»:
Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ ՀՅԴ-ն իր անելիքն անելու է, անկախ նրանից, թե ինչեր են ասում կողքից:
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այն քաղաքական ուժերը, ովքեր չեն տեսնում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, բայց պահանջում են իշխանափոխություն, հակասում են իրանք իրենց. «Սահմանադրական բարեփոխումները մենք ձևակերպում են իշխանափոխության միջոց, իսկ եթե հասարակությունն ուզում է իշխանափոխություն, պետք է ցանկանա նաև սահմանադրական փոփոխություններով իշխանափոխություն»: