Հասան Ռոհանի. Նավթի գների անկումից ավելի շատ Սաուդյան Արաբիան է տուժելու
«Իրանի բյուջեի ծախսերի միայն 1/3-ն է կախված նավթից»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը այսօր Բուշեհր նահանգ կատարած այցի ընթացքում, անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը, մասնավորապես նշել է. «Այն երկրները, որոնք նախաձեռնել են նավթի գների նվազեցման գործընթացը, զղչալու են, լա՛վ իմացեք, Սաուդյան Արաբիան և Քուվեյթն Իրանից ավելի շատ են տուժելու»:
Շարունակելով խոսքը՝ Հասան Ռոհանին հավելել է. «Իրանի բյուջեի ծախսերի միայն 1/3-ն է կախված նավթից. Գների անկման պատճառած վնասների հատուցման ուղիները ևս կանխատեսել ենք: Ուսումնասիրությունները վկայում են, որ Սաուդյան Արաբիայի բյուջեի ծախսերի 80 տոկոսը կախված է նավթի վաճառքից, իսկ արտահանման 90 տոկոսը բաժին է ընկնում նավթին»:
Նշենք, որ Իրանը, բացի նավթից արտահանում է գազ, ավտոմեքենաներ, գյուղատնտեսական գործիքներ, գյուղատնտեսական մթերքներ, թունաքիմիկատներ, տնտեսական ապրանքներ, գորգեր, զաֆրան, պիստակ և այլն: