Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում հնարավոր է նոր նահանգ կազմավորվի
«Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում հնարավոր է Արասբարան անվամբ նոր նահանգ կազմավորվի»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի Մեջլիսի պատգամավոր Ֆալահի Բաբաջանը քննարկման է ներկայացրել մի նախաձեռնություն, համաձայն որի՝ նախատեսվում է Իրանի Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգը ենթարկել վարչական բաժանման և կազմավորել նոր նահանգ՝ Արասբարան անվամբ:
Իրանցի պատգամավորը, շեշտելով Արևելյան Ատրպատական նահանգը վարչական բաժանման ենթարկելու անհրաժեշտությունը, նշել է, որ նոր նահանգը ձևավորվում է ոչ թե ազգայնական մղումներով, այլ այն պետք է դիտարկել կրոնական և գիտական հարթության մեջ:
Ֆալահի Բաբաջանը նշել է, որ Արևելյան Ատրպատական նահանգում շրջաններ կան, (Վարզաղան, Քոլիբար, Ահար, Հարիս), որտեղ գրագիտության աստիճանը 75 տոկոսի չի հասնում:
Նշենք, որ Արասբարանը գտնվում Արևելյան Ատրպատական նահանգի հյուսիսային հատվածում՝ զբաղեցնելով Արաքս գետից մինչև Սարաբ շրջան, ինչպես նաև Ջոլֆա և Թավրիզ քաղաքների արևելյան հատվածներն ընկած տարածքները:
Իրանը ներկայում ունի 31 նահանգ. Իրանի Արևելյան Ատրպատական և Արևմտյան Ատրպատական նահանգները կազմավորվել են 1938թ.: 2012թ. տվյալներով Արևելյան Ատրպատականի բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 727 հազար 620, իսկ Արևմտյան Ատրպատականինը՝ 3 միլիոն 80 հազար 576: Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից Արդաբիլ նահանգը կազմավորվել է 1994թ., որի բնակչության թիվը կազմում է 1 միլիոն 248 հազար 488: Արդաբիլ նահանգը, 1994թ., բաժանվելով Արևելյան Ատրպատական նահանգից, կազմավորվեց որպես առանձին նահանգ: