Մարսելում տասնվեցամյա հայ երիտասարդ է սպանվել
Ֆրանսիայի Մարսել քաղաքում սպանվել է 16-ամյա հայ երիտասարդ՝ Միշել Ասատրյան անունով: Այս մասին տեղեկացնում է Նուվել դ’Արմենին: Ըստ աղբյուրի՝ երիտասարդին դիտավորյալ և դաժանաբար սպանել են մի խումբ անձինք:
Ֆրանսիայի հարավում գործող հայերի խորհուրդը դատապարտել է այս դաժան սպանությունը և արդարադատությանն արագ գործելու կոչ է արել: Ըստ խորհրդի՝ սա կանխամտածված սպանություն է հանդիսանում է հակահայկական բազմաթիվ գործողությունների շարունակությունը:
Ըստ խորհրդի՝ մինչ Ֆրանսիայում միասնության և համերաշխության շոու էր անցկացվում, որը դատապարտում էր այլատյացությունը և էքստրեմիզմը, Մարսելում տեղի ունեցավ մի դեպք, որը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ:
Հայերի խորհրդի կարծիքով այս ողբերգությունը ապացուցում է, որ մթնոլորտը գնալով ավելի ու ավելի է լարվում, ինչին զոհ են գնում երիտասարդները: Խորհրդի անդամները նշում են, որ սպանված երիտասարդին ոչինչ պետք չէր ավելին, քան խաղաղ կյանքով ապրելն ու իր համայնքին ու քաղաքին ծառայելը:
Խորհուրդը հրավիրել է բոլոր ցանկացողներին հարգանքի տուրք մատուցելու երիտասարդ հայ ակտիվիստին Մարսելի հայկական եկեղեցում:
Նշենք, որ առավել վաղ հայտնի էր դարձել, որ Մարսելում դանակահարել են 16-ամյա հայ երիտասարդի իր իսկ քոլեջի շենքի առջև: Ֆրանսբլոյի փոխանցմամբ Մարսելի դատախազի նշել է, որ քոլեջի դիմաց ծեծկռտուք է եղել, և փոխադարձ վիրավորանքներ են հնչել, որի ժամանակ էլ տղային դանակահարել են: