Հեյդար Ալիևի արձանը իսկական գլխացավանք է դարձել Մեխիկոյում
Հեղինակավոր Fusion պարբերականը «Ի՞նչ գործ ունի Ադրբեջանի նախկին բռնապետ Հեյդար Ալիևի արձանը Մեխիկոյում» վերտառությամբ հոդված է հրապարակել:
«Երբ Ձեր հեռավոր բարեկամը սարսափելի անհաջող արվեստի գործ է ուղարկում, Դուք վստահաբար չեք կարող այն դեն նետել, հետևաբար նաև չեք կարող այն ցուցադրել տեսանելի տեղում, քանի որ դա նկատողները կփոխեն իրենց կարծիքը Ձեր հոգական առողջության վերաբերյալ: Հենց այսպիսի խնդիր կա Մեխիկոյում ի շնորհիվ Ադրբեջանի նախկին ղեկավար Հեյդար Ալիևի արձանի, որը մտածկոտ հայացքով նայում է հորիզոնին»,- գրում է պարբերականը:
Հոդվածագիրը նշում է որ 2012թ-ից այս կողմ, երբ արձանը բերվել է Մեխիկո, դարձել է իսկական գլխացավանք տեղական պաշտոնյաների համար: Սկզբնական շրջանում արձանը տեղադրել են մայրաքաղաքի ծայրամասային Reforma-Avenue-ի այգում: Սակայն շատ արագ ապամոնտաժել են, քանի որ տեղի բնակիչները բողոքել են, որ այն բռնապետության խորհրդանիշ է:
«Մեխիկոյի բնակչությունը և հայկական համայնքների ներկայացուցիչները մեղադրում են Հեյդար Ալիևին մարդու իրավունքների ոտնահարման, ԶԼՄ-ների սահմանափակման, ինչպես նաև իր կառավարման տարիներին իր անձի պաշտամունքի ձևավորման մեջ»,- գրված է հոդվածում:
Պարբերականը ընդգծում է, որ Մեխիկոյի քաղաքապետ Մարսելո Էբրադը բնակիչների ճնշման տակ ապամոնտաժեց արձանը այն պահելով պահեստում և այդպես էլ չկարողացավ մտածել արձանի ճակատագրի վերաբերյալ այլընտրանքային տարբերակ:
«Արձանից ձերբազատվելը բարդ հարց է, քանի որ Ադրբեջանի դեսպանը անընդհատ սպառնում է, որ արձանի չտեղադրվելու պարագայում կկրճատվեն ներդրումները և կվատթարանան դիվանագիտական հարաբերությունները»,- ասված է հոդվածում:
Մեխիկոյի նոր քաղաքապետը նախորդ շաբաթ հայտարարել է, որ քաղաքային իշխանությունը քաղաքի հարուստ թաղամասերից մեկում տարածք կհատկացնի ադրբեջանական կառավարությանը, որտեղ հնարավոր կլինի տեղադրել Ալիևի արձանը:
Ինչպես հաղորդվում է հոդվածում, քաղաքապետը շտապել է նման հայտարարություն անելուց, քանի որ քաղաքային իշխանությունը իրավասու չէ տարածք տրամադրել առանց արտաքին գործերի նախարարության թույլտվության:
Մինչդեռ Ալիևի արձանի դեմ բողոքները դեռ չեն դադարել: Այժմ ակտիվիստները պայքարում են որպեսզի հեռացվի արձանի ետնամասում տեղադրված քարե քարտեզը, քանի որ քարտեզում Ադրբեջանի տարածքը ներկայացված է նաև Հայաստանի տարածքի մի մասի հաշվին: