«Կտեղադրվի, թե՞ ոչ Անաստաս Միկոյանի արձանը՝ ավագանին չի կարող ասել»
««Բարև Երևան» դաշինքը միակ ընդդիմադիր խմբակցությունն է Երևանի ավագանիում: Եթե անցած տարիներին «սվիններով» էին դիմավորում, ապա 2014-ին այդ վերաբերմունքը բավականին հանդուրժող է եղել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բարև Երևան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու 2014թ.-ի գործունեությանը:
Ա. Բախշյանը 2014-ի հաջողությունը համարեց փետրվարից ավագանու նիստերը ուղիղ հեռարձակելու որոշումը:
Հանդիպմանը ներկա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի գնահատմամբ, ավագանու ինստիտուտը գնալով կայանում է:
Տեղական ինքնակառավարման հարցերով անկախ փորձագետ Արթուր Դրամփյանի դիտարկմամբ էլ, Երևանի տեղական ինքնակառավարումը յուրահատուկ է. «Ավագանին ունի յուրահատուկ կարգավիճակ և ավելի պառլամենտական տիպի կառույց է, քան մեր մյուս 900-ից ավելի համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններում է: Այստեղ ընտրությունները կատարվում են համամասնական կարգով, սա այն առանձնահատկությունն է, որով տարբերվում է Երևանի տեղական ինքնակառավարումը»:
Անդրադառնալով նախորդ տարում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման բուռն քննարկումներին՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանն ասաց. «Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ ավագանին որոշում չի ընդունել: Ավագանին ստացել է առաջարկություններ և տվել է իր նախնական համաձայնությունը արձանի տեղադրման վերաբերյալ: Իսկ ե՞րբ կտեղադրվի արձանը, կամ կտեղադրվի, թե՞ ոչ, դա ավագանին չի կարող ասել»:
«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանն էլ խոսելով Երևանում գործող երթուղային տաքսիների աշխատանքից՝ նշեց. «Հաշվի առնելով Հայաստանի բիզնեսի վարքագիծը, եթե մինչև օրս բիզնեսն աշխատում է, եթե մինչև հիմա մեր տրանսպորտն աշխատում է, ապա այդ հարյուր դրամն արդարեցված է»: