Հարցախույզ Թուրքիայում. Թուրքերի 10 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքերի մոտ 10 տոկոսը համարում է, որ իրենց կառավարությունն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները պետք է ճանաչի որպես ցեղասպանություն: Daily Star-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ են ստացվել Ստամբուլի Տնտեսագիտության և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի (EDAM) իրականացրած հարցման արդյունքում:
Հարցումն անց է կացվել 2014 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, որին մասնակցել են Թուրքիայի 1508 քաղաքացիներ:
Տեղեկատվության համաձայն՝ Հարցվածների 9.1 տոկոսը գտնում է, որ Անկարան պետք է ներողություն խնդրի 1915 թվականին կատարված ոճրագործությունների համար և ճանաչի ցեղասպանությունը, մյուս 9.1 տոկոսը կարծում է, որ պետք է ընդամենը ներողություն խնդրել՝ առանց ցեղասպանությունն ընդունելու:
23 տոկոսը կարծում է, որ 1915 թվականին միայն հայեր չեն զոհվել, և Թուրքիայի կառավարությունը ներողություն պետք է խնդրի ոչ միայն հայերից, այլև Օսմանյան կայսրության այն բոլոր քաղաքացիներից, ովքեր սպանվել են:
12 տոկոսի կարծիքով՝ կառավարությունը պետք է իր ցավակցությունը հայտնի հայերին, բայց ներողություն չխնդրի, իսկ 21 տոկոսը համարում է, Թուրքիան Հայոց ցեղասպանության մեղադրանքների առնչությամբ ոչ մի քայլ չպետք է իրականացնի: