Ռուս փորձագետ. Ցավակցություն, ներողություն ու գործողություն
Ռուս փորձագետ Անդրեյ Եպիֆանցեվն այն համոզմանն է, որ Գյումրիում մի ընտանիք սպանած Պերմյակովի գործողությունը ազգային կամ հակահայկական բնույթ չունի: Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է, որ զինվորի կողմից զենքի գործադրմամբ հանցագործությունները, չնայած քիչ, բայց տեղի են ունենում թե Ռուսաստանի տարածքում, թե ռուսական ռազմաբազաների տարածքում, և ընդհանրապես ցանկացած երկրի ու ռազմական բազայի տարածքում, որտեղ կան զինված մարդիկ ու խաղաղ բնակիչներ: Նա հիշեցնում է ամերիկացի զինծառայողների հետ կապված սկանդալները Գերմանիայում ու Ճապոնիայում:
Նրա դիտարկամամբ, այլ հարց է, որ կան ռազմաբազայի հրամանատարության ակնհայտ սխալներ, ծառայության համար անադեկվատ մարդկանց ընտրություն, դրանք պետք է հասկանալ, վերացնել ու մեղավորներին պատժել:
«Հայաստանի ու Ռուսաստանի իրավապահ մարմինները միջադեպի ու դրա պատճառների մանրակրկիտ քննություն պետք է իրականացնեն: ՌԴ Սահմանադրության ու Քրեական օրենսգրքի համաձայն, Պերմյակովը պետք է խստորեն պատժվի, որին համաձայն կլինի հայկական կողմը... չնայած իրավախախտման բնույթը տարընթերցման քիչ հնարավորություն է տալիս՝ ցմահ, Ռուսաստանի տարածքում»,-գրել է նա:
Փորձագետը կարևորում է, որ հայ հասարակությունը տեղեկացված լինի քննության ընթացքին, արդյունքներին ու այն քայլերին, որոնք հետագայում կբացառեն նման ողբերգության կրկնվելը:
«Ցավակցություն, ներողություն և… գործողություն»,-գրել է նա: