Մի շարք հայաստանյան բանկեր առաջիկայում միավորվելու են. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, առաջիկայում մի շարք հայաստանյան բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը: Սույն տեղեկությունը Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Մերի Շահինյանը երեկ, ըստ էության, չի հերքել:
«Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին ճի՞շտ է, որ գործող 21 բանկերից 14-ն են մնալու, քանի որ մի շարք բանկեր միավորվելու են, նա պատասխանել է. «Ժամանակը ցույց կտա, հիմա ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Կանոնադրական կապիտալն ավելացնելու ենք, որը միտված է բանկերի կայունացմանը»:
ԿԲ-ն դեկտեմբերի 30-ի խորհրդի նիստում որոշել է բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 միլիարդից դարձնելով 30 միլիարդ, որի արդյունքում էլ տեղի է ունենալու միավորումը: Միավորվելիք բանկերի թվում արդեն նշվում են «Ամերիա» և «Ինեկո» բանկերի անունները: