Տնտեսագետ. Առաջիկա ամիսներին կհայտնվենք բավականին լուրջ տնտեսական ճգնաժամում
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի կանխատեսումներով, այս տարի Հայաստանում բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի աճը չի լինի: Նրա դիտարկմամբ, 2015-ի վերջին կգրանցվի 3-5 տոկոս անկում:
«Այսօրվա իրավիճակից ելնելով, չեմ բացառում, որ այս տարի կունենանք տնտեսական անկում: Կարծում եմ անկումը կլինի 3-5 տոկոսի սահմաններում»,-Panorama.am-ին ասաց Մ. Առաքելյանը:
Հիշեցնենք, որ բյուջեով նախատեսված է 2015-ին ունենալ ՀՆԱ-ի 4.1% աճ, իսկ 2014-ի ինն ամսվա կտրվածքով, ըստ Կարեն Ճշմարիտյանի, աճը կազմել է 3.9%:
Առաքելյանն այն համոզմանն է, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի օր օրի վաթարացմամբ պայմանավորված Հայաստանում լուրջ տնտեսական ճգնաժամ է սպասվում:
«Ոչ միայն դրական տեղաշարժեր չեն նկատվում, այլև պատժամիջոցներն ու Ռուսաստանի քաղաքականությունը հանգեցնում են նրան, որ իրավիճակն ավելի է վաթարանալու: Հայաստանի տնտեսության կախվածությունը ցավոք մեծ է Ռուսաստանից, և դա պայմանավորված է տրասֆերտներով ու ոչ թե տնտեսական նորմալ համագործակցության արդյունք է: Նման քանակությամբ փողի հոսքը մի երկրից վտանգավոր է»,-ասաց նա, բացատրելով, եթե օրինակ Ֆրանսիայում տեղի ունենար նման ճգնաժամ, ապա Հայաստանի վրա ազդեցությունն այդքան մեծ չէր լինի:
Նրա խոսքով, արդեն նկատվում է տրանսֆերտների ծավալի բավականին լուրջ նվազում, մասնավորապես 2014-ի նոյեմբերին 2013-ի նոյեմբերի համեմատ 40 տոկոսով նվազել է, տրանսֆերտների 90 տոկոսը Հայաստան գալիս է Ռուսաստանից:
«Նվազման տենդենցը կշարունակվի նաև 2015-ին, եթե ոչ ավելի մեծ ծավալներով: Դա մեծ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա, կբերի բնակչության գնողունակության, եկամուտների, արտահանման անկման և այլն: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության կառուցվածքը, նման խնդիրները շատ արագ են անդրադառնում տնտեսության վրա, առաջիկա ամիսներին արդեն կհայտնվենք բավականին լուրջ տնտեսական ճգնաժամում»,-կարծիք հայտնեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է ճգնաժամի մեջ չհայտնվելու հնարավոր քայլերին, ապա Առաքելյանը փաստեց, որ խնդիրը Հայաստանի տնտեսության կառուցվածքն է, մի երկրից այդքան մեծ ծավալով տրանսֆերտների առկայությունը:
«Պետք է փորձենք փոխարինող մի բան գտնել, իսկ դրա փոխարինողը տնտեսության այն մակարդակի զարգացումը պետք է լինի, որ մի երկրից եկող տրասֆերտներն ազդեցություն չունենան մեր տնտեսության վրա»,-ասաց նա: