Բարաք Օբաման դեմ է արտահայտվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու Կոնգրեսի որոշմանը
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ է արտահայտվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու Կոնգրեսի որոշմանը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Մարկ Քըրքը օրենքի երկու նախագիծ են ներկայացրել, որոնց նպատակը Իրանի նկատմամբ «պայմանական պատժամիջոցներ» կիրառելն է:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ` Միացյալ Նահանգների նախագահը Կոնգրեսի ղեկավարության հետ հանդիպմանը, քննարկելով Իրանի միջուկային խնդրի շուրջ ծավալվող զարգացումները, դեմ է արտահայտվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու Կոնգրեսի որոշմանը` նշելով, որ այն կխաթարի բանակցային գործընթացը:
Բարաք Օբաման ևս մեկ անգամ շեշտել է, որ դիվանագիտական ջանքերի շնորհիվ պետք է կանխել, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք չբերի:
«ՖԱՐՍ»-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մարի Հարֆը, անդրադառնալով Կոնգրեսի որոշմանը, մասնավորապես նշել է. «Եթե Իրանի նկատմամբ նույնիսկ «պայմանական պատժամիջոցներ» կիրառելու մասին օրինագիծը հաստատվի, ապա այն կխախտի միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ ստորագրված ժնևյան համաձայնագիրը»:
Նկատենք, որ 2015թ. Իրանի և «5+1 խմբի» միջև առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 18-ին` Ժնևում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում