Շիրակի դատախազը՝ գյումրեցիներին. Ոչ մի բան ի վնաս մեր պետության շահերի չի լինելու
«Երաշխիք եմ տալիս, որ ոչ մի բան ի վնաս մեր պետության շահերի չի լինելու: Մեր ազգային շահը գերակա է: Մեր բոլորի կարծիքն այն է, որ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Սա ոչ թե մեկ ընտանիքի, այլ ամբողջ ազգի ողբերգությունն է»,- Գյումրիում ավտոերթի մասնակիցներին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին Գյումրիում սկսվել է ավտոերթ: Նրանք հասել են մինչև ռուսական ռազմաբազայի տարածք: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գլխավոր կասկածյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն անցնի Հայաստանում:
Նա հավաքավծներին բացատրեց, որ հայկական կողմը նախաքննությունը չի հանձնելու ռուս իրավապահ մարմիններին, ռուս զինծառայողին արդեն հայկական օրենքներով ներգրավել են որպես մեղադրյալի:Նա առաջարկեց բոլորով շարժվել դատախազության շենքի մոտ, 20 հոգով բարձրանան ու ինքը մանրամասն ներկայացնի գործի ընթացքը:
Դատախազի խոսքով, հավաքները որևէ օգուտ չեն տան:
«Եթե տեսնենք ձեր սրտով չի լինում, էլ ձեզ բան չեմ ասի, ինչ կուզեք, կանեք»,- ասաց Ր. Ասլանյանը:
Նա նշեց, որ ռուսական կողմը վկայակոչում է իրենց օրենքները, Հայաստանն էլ իր օրենքներն ունի, կան միջազգային պայմանագրեր, միջոցներ են ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ:
Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ Շիրակի դատախազն իրենց խնդրանքով զանգեց ՀՀ գլխավոր դատախազին, ով ասել է, որ այժմ բանակցություններ են սկսվել, խորհրդակցություններ են ընթանում և վաղը մինչև կեսօր կտան իրենց հարցի պատասխանը:
Դատախազը պարբերաբար կոչ էր անում հավաքվածներին գնալ դատախազության շենքի մոտ, սպասել ու տեսնել, թե իրավական կարգավորումներով ինչպես է լուծվելու այս հարցը:
Նախորդող հրապարակումներ՝
Գյումրի. Շիրակի դատախազը մոտեցել է ակցիայի մասնակիցների
Գյումրի. Ավտոերթի մասնակիցները շարժում են դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա