«Գիտության դոկտորների և թեկնածուների աշխատավարձը կավելանա 25-30 տոկոսով»
«ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարի մեկից ՀՀ պետբյուջերի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարների չափը սահմանվել է գիտությունների դոկտորներին՝ 50 000 ՀՀ դրամ, թեկնածուներին՝ 25 000 ՀՀ դրամ: Սա նշանակում է, որ գիտությունների դոկտորների և թեկնածուների աշխատավարձը հավելավճարի հաշվին կավելանա մոտ 25-30 տոկոսով»,- լրագրողներին տված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Հարությունյանի տվյալներով՝ մինչև այս տարվա հունվարի մեկը ՀՀ գիտությունների դոկտորների և թեկնածուների գիտական աստիճանի հավելավճարը կազմել է 20 000 և 10 000 ՀՀ դրամ համապատասխանաբար:
«Կարող եմ ասել, որ 2014 թվականին մտադրված ծրագրերի մոտ 95 տոկոսն իրականացրել ենք»,- նշեց գիտության պետական կոմիտեի նախագահը՝ նախորդ տարվա աշխատանքները բաժանելով՝ օրենսդրական ոլորտում, ռեգիոնալ նշանակության ծրագրերի ոլորտում և ընթացիկ գործունեությունում տեղ գտած հաջողություններով:
Հարությունյանն ասաց, որ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի լրամշակված տարբերակով սահմանվելու են մի շարք հասկացություններ, ինչպիսիք են հետազոտական համալսարանը, ազգային գիտական լաբորատորիան և գիտական դրամաշնորհը:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը խոսեց նաև գիտական ծրագրերով անցկացված մրցույթների մասին: Նրա տվյալներով՝ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթին 248 հայտ է ներկայացվել, որից 100 գիտնականներ ճանաչվել են հաղթող, ինչը նրանց թույլ կտա մեկ տարի շարունակ ամսական ստանալ 135 000 ՀՀ դրամ հավելավճար:
Ինչ վերաբերում է գիտաշխատողների գործուղումներին, Հարությունյանը նշեց, որ 2014-ին 250 միջազգային գործուղում է իրականացվել: Լրագրողների այն հարցին, թե միջազգային համագործակցության ինչ նոր ծրագրեր են սպասվում 20415-ին, գիտության պետական կոմիտեի նախագահը պատասխանեց, որ կապված ՀՀ ԵՏՄ անդամակցման հետ, ակնկալվում է ակտիվ համագործակցություն հենց այդ երկրների գիտական աշխարհի հետ:
Անցնող տարում իրականացված միջազգային համագործակցությունից Հարությունյանն առանձնացրեց հայ-ռուսական, հայ-բելառուսական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական, հայ-իտալական համատեղ ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա