«Stratfor». 2015թ.-ին Ադրբեջանը կփորձի փոխել ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի հարցում
«Stratfor» ամերիկյան հետախուզական-վերլուծական կենտրոնը հրապարակել է «Տարեկան կանխատեսում 2015» զեկույցը, որում հեղինակները ներկայացրել են աշխարհում 2015թ.-ին սպասվող քաղաքական և տնտեսական զարգացումները: Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ամերիկացի վերլուծաբանները կանխատեսել են, որ 2015թ.-ին Ադրբեջանը կփորձի փոխել Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն՝ առաջնագծում ռազմական առավել մեծ ակտիվություն դրսևորելով: Կանխատեսելով հայ-ադրբեջանական սահմանային բախումների աճ՝այնուհանդերձ հեղինակները քիչ հավանական են համարում լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսումը:
Զեկույցում նշվում է, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի հակասություններն իրենց ազդեցությունը կունենան հետխորհրդային երկրների վրա: Միաժամանակ փորձագետները նկատել են, որ Ռուսաստանը առավելապես կենտրոնացած կլինի իր ներքին և տնտեսական խնդիրների վրա, ուստի դժվար թե միջամտի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական բախումներին:
«Արևմուտքի հետ ավելի մերձենալու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի շարունակվող ջանքերի ֆոնին Ռուսաստանը Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ նախաձեռնեց Եվրասիական տնտեսական միությունը. նախատեսվում է, որ Ղրղզստանը կմիանա տարվա կեսին: Այդ նախաձեռնությունը կխորացնի այդ երկրների և Ռուսաստանի միջև տնտեսական և անվտանգության ինտեգրումը:
Սակայն ԵՏՄ անդամ պետությունները կզգան Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները՝ պայմանավորված Ռուսաստանից ունեցած իրենց կախվածությամբ: Տնտեսական այդ դժվարությունները կմեծացնեն սոցիալական խռովությունների և բողոքի ակցիաների հավանականությունը»,- ասված է զեկույցում:
Stratfor-ի կանխատեսմամբ՝ Ռուսաստանի տնտեսության անկումը կշարունակվի՝ պայմանավորված էներգակիրների գների նվազման արդյունքում եկամուտների կրճատմամբ և միջազգային տնտեսական պատժամիջոցներով: Միևնույն ժամանակ վերլուծաբանները չեն կանխատեսել Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության ավելի խորացում: Ըստ նրանց՝ ելնելով ստեղծված իրավիճակից Ռուսաստանը կխուսափի Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դեմ բռնի գործողություններից:
Զեկույցում նաև կանխատեսվում է, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ այլևս չեն խորացվի պատժամիջոցները, իսկ ներկա պատժամիջոցները ինքնաբերաբար կդադարեցվեն սահմանված ժամկետի ավարտից հետո տարվա ընթացքում: Պատճառը, ըստ Stratfor-ի, այն է, որ նոր պատժամիջոցներին պետք է կողմ լինեն ԵՄ անդամ բոլոր երկրները, ինչը քիչ հավանական է:
Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, «Հարավային հոսք» գազատարի նախագծի տապալումը ստիպելու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Եվրոպային այլընտրանքային էներգետիկ ծրագրեր մշակել: Այս համատեքստում ամերիկացի փորձագետները վստահ են, որ Ռուսաստանի կխորացնի իր համագործակցությունը Թուրքիայի հետ, իսկ Արևմուտքը կսիրաշահի Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Հարավային էներգետիկ միջանցքը կյանքի կոչելու համար:
Զեկույցում ընդգծված է, որ չնայած ԱՄՆ-ն և Թուրքիան ունեն ընդհանուր շահեր, նրանց հարաբարությունները 2015թ-ին կլինեն լարված: Պատճառներից մեկը համարվում է այն, որ Թուրքիան իրեն հեռու կպահի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ջանքերին աջակցելուց: