«Որպեսզի սակագների բարձրացման հետ կապված այս տարի խնդիր չունենանք». Նախագահի և կառավարության դիրքորոշման մասին
ՀՀ էլեկտրաէներգիայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով էլեկտրաէներգիայի և գազի սակագներիի հնարավոր բարձրացմանը, նշեց, որ ֆինանսական դաշտի յուրաքանչյուր փոփոխության պայմաններում սակագները նույնպես փոփոխության են ենթարկվում, ուստի տարօրինակ չէ, որ այլ պետություններում տարեկան մեկ անգամ անդրադառնում են սակագների փոփոխությանը:
«Սակագների փոփոխություններն անխուսափելի են ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում»,- ասաց նախարարը:
Ե.Զախարյանի խոսքերով` մեր շուրջը կատարվող իրադարձությունները, մասնավորապես, ֆինանսական դաշտում, բավականին դինամիկ են, ուստի բնական է համարում, որ դրամի արժեզրկման հետ կապված էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, բաշխիչ ցանցերը, էներգակիրներ մատակարարող կազմակերպությունները վնասներ կկրեն:
«Դրա համար տարօրինակ չէի համար, որ այդ ընկերություններից որևէ մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնի հաշվարկներ և առաջարկություններ` սակագների վերանայման հետ կապված: Դա սպասելի է այսօր»,- ընդգծեց նախարարը:
Սակայն, Ե.Զախարյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը կփորձի խնդրին լուծում տալ:
«Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ նախագահի և կառավարության դիրքորոշումը հետևյալն է` անել ամեն ինչ, որպեսզի սակագների բարձրացման հետ կապված այս տարի խնդիր չունենանք»,- ասաց նախարարը` հավելելով, որ կանեն ամեն ինչ, որպեսզի բնակչությունն այս տարի լրացուցիչ բեռ չստանձնի: