Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Նաիրիտ» գործարանը վերագործարկենք. Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին խոստացել են մինչև հունվարի 20-ը ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա հիշեցրեց, որ դեկտեմբերին նաիրիտցիները երկու անգամ աշխատավարձ են ստացել: Նրա խոսքերով՝ նաիրիտցիների հետ վերջին անգամ հանդիպել է նախորդ տարվա դեկտեմբերին, որի ընթացքում մեկ անգամ ևս ներկայացվել է Կառավարության մոտեցումները «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի, գործարանի վերագործարկման, ինչպես նաև աշխատավարձի գծով պարտքի մարման հարցերի շուրջ:
Ե.Զախարյանը միաժամանակ հայտնեց, որ գործարանի կոլեկտիվի կողմից որոշում է կայացվել, ըստ որի՝ աշխատակիցների թիվն այս տարի կկրճատվի: Արդյունքում, ըստ նախարարի, փետրվարին նոր պայմանագրեր կստորագրվեն 478 աշխատակցի հետ:
«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ նախարարը տեղեկացրեց, որ Համաշխարհային Բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ: Մինչև ամսվա վերջ Երևան կայցելեն ՀԲ ներկայացուցիչները և «Նաիրիտի» մասնագետների հետ աշխատելով կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Նախարարը հույս հայտնեց, որ աուդիտի արդյունքները պարզ կլինեն փետրվարի վերջին, և դրական եզրակացության դեպքում կառավարությունը կդիմի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով:
«Մենք շահագրգիռ են և ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործարանը վերագործարկենք: Կարծում եմ, որ դրանից հետո գործարանում ընդհանուր առմամբ կաշխատի 600-700 մարդ»,- ընդգծեց Ե.Զախարյանը:
Նա միաժամանակ ասաց, որ ինքը երբեք չի խուսափել և չի էլ խուսափելու հանդիպել նաիրիտցիների հետ. «Նրանց պետք չէ խաբել և անորոշ վիճակում պահել, քանի որ աշխատակիցների պահանջները հասկանալի են և արդարացված: Ես նրանց ներկայացրել եմ, որ ՀՀ կառավարությունը որևէ կոնկրետ քայլ՝ կապված «Նաիրիտ» գործարանի հետ, չի կարող անել, քանի որ գործարանի բաժնետոմսերը գտնվում են գրավի տակ ԱՊՀ միջպետական բանկում: Այսինքն՝ պետությունը չի տնօրինում այդ բաժնետոմսերը և ՀՀ կառավարությանը կարող է քայլեր կատարել միայն այն դեպքում, եթե դա անցնի կառավարության տնօրինությանը»:
Լրագրողի դիտարկմանը, թե միգուցե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այս հարցում ինչ-որ բան անի, Զախարյանը լրագրողին խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Տ.Սարգսյանին: