Ճանաչված և սիրված դերասանի, ասմունքողի հիշատակը վառ կմնա հանդիսատեսի հուշերում
Կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ասմունքող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Գրիգորի Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեռևս 1968 թվականին, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետի ավարտական դիպլոմային դերակատարումներն Անդրանիկը ստիպված էր զուգակցել Երևանի նորաստեղծ դրամատիկ թատրոնի ստեղծագործական փորձերին, քանի որ Հրաչյա Ղափլանյանը, խորաթափանց արվեստագետի պայծառատեսությամբ, ուսումը դեռ չավարտած երիտասարդին հրավիրել էր թատրոն և վստահել գլխավոր դերեր:
Շնորհիվ բնատուր ձիրքի և ստեղծագործական վառ երևակայության` Ա. Հարությունյանը մեկը մյուսի ետևից ստեղծեց միանգամայն համոզիչ կերպարներ` Սարո («Անուշ»), Բոբբի («Գիշերային պատմություն»), Նարեկ («Մենք, նրանք և մյուսները»), Ռիչմոնդ («Ռիչարդ երրորդ»), Էդվարդ թագավոր («Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը»), Նեսսի («Կոտորածն մանկանց»), անձնավորումներ, որոնցով դերասանը թափանցեց ծանոթ ու մտերիմ հանդիսատեսի հոգու գաղտնարանները` հաստատելով իր տեղը բեմարվեստում:
Հարությունյան-արվեստագետն իր ուրույն տեղն ուներ նաև հեռուստատեսային և ռադիոթատրոններում, հատկապես Սարոյանի («Հայը և հայը»), Գուլոյանի («Սպիտակ դրոշներ»), Հուրոնցի («Շաբաթվա ութերորդ օրը»), Բաբբիի («Խենթացած մի գնա») հեռուստատեսային և Թեհլերյանի («Ոտքի, դատարանն է գալիս»), Հեղինակի («Խմբապետ Շավարշ»), Չոլոյի («Ռանչպարների կանչը») ռադիոդերակատարումներով, որոնք բարություն են սփռել, ջերմացրել են հանդիսատեսին և ունկնդրին, հոգևոր դաշինքով կամրջել մեր ժողովրդի հին ու նոր սերունդներին:
Ա. Հարությունյանին հոգեհարազատ էր հայ պոեզիան: Նա յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել Եղիշե Չարենցին, Հովհաննես Թումանյանին, Համո Սահյանին, Պարույր Սևակին, Վահագն Դավթյանին, Գևորգ Էմինին:
Վերջին տարիներին առանձնահատուկ գնահատանքի են արժանի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով նկարահանված` «Նժդեհ», «Սկիզբ», «Պետո» փաստավավերագրական ֆիլմերի հեղինակային տեքստերի նրա յուրովի ընթերցումները:
2005 թվականին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ նկարարահանվել է «Անդրանիկ» ֆիլմ-ներկայացումը, որտեղ գլխավոր դերը վստահված էր Անդրանիկ Հարությունյանին: Նոր մարմնավորումը եղավ հայ պանդուխտի դարավոր կանչի և հայի ոգու նոր զարթոնքի խորհրդանիշը:
Դերասանի անմիջական մասնակցությամբ և հեղինակային տեքստերի ընթերցմամբ 2005 և 2006 թվականներին «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության կողմից նկարահանվել է արցախյան ազատամարտիկներին նվիրված ֆիլմաշարը՝ («Վկայարան», «Հիշողության զարկերակը», «Ճանապարհ պատմության միջով», «Հայն ու հեծանիվը», «Աշխարհը լուռ էր», «Դժոխքի վերածված դրախտը», «Ավելի, քան հաղթանակ», «Սովորական վանդալիզմ», «Հույսի գույնը», «811 հազար կյանք») և «Արցախ՝ 10-րդ նահանգ» փաստավավերագրական 10 ֆիլմերի շարքը։
Կյանքի վերջին տարիներին Անդրանիկ Հարությունյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան էր:
2007 թվականին վաստակաշատ արվեստագետին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Անդրանիկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-20:00, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին