Արամ Համբարյան. Ցեղասպանությունը հանցագործություն է, ոչ թե հակամարտություն
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է այն մոտեցումը, թե հայերը պետք է աշխատեն` Թուրքիայի ներսում փոփոխություններ անելու ուղղությամբ: Այս մասին Արամ Համբարյանն ասել է The Armenian Weekly պարբերականին:
«Մենք ժամանակին Թուրքիայի ներսում փոփոխություններ անելու հնարավորություն ունեցել ենք: Չնայած եղած մարտահրավերներին ու մեծ ռիսկերին, հայերը բարեփոխումների իրականացման ընթացքում կարևոր ու առանցքային դեր են ունեցել մինչև 1915 թվականը, երբ Թուրքիան կոտորեց ու աքսորեց մեզ՝ արդյունավետորեն կանխելով մեր՝ որպես այդ պետության քաղաքացիների առաջընթացի հասնելու ջանքերը:
Հաշվի առնեով ցեղասպանությունից հետո թուրքական պետության և Թուրքիայի քաղաքացի փրկված հայերի կամ՝ Թուրքիայի և շրջափակված, մասնատված Հայաստանի միջև ուժային անհավասարությունը` պնդումը, թե Հայոց ցեղասպանությունը թուրքերի և հայերի խնդիրն է, կոպիտ ասած, նշանակում է հնարավորություն տալ Թուրքիային՝ վայելելու իր հանցանքի պտուղները:
Այս թերի մոտեցումը հակասում է ցանկացած երկրի արդարադատության հիմնական սկզբունքներին: Հայոց ցեղասպանությունը ամենավատ հանցագործություններից է, որն ունի լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ, սակայն շարունակում է մնալ որպես հանցագործություն: Այն պարզապես թուրքերի և հայերի միջև հարց չէ, այլ խնդիր է ամբողջ աշխարհի համար՝ ինչպես յուրաքանչյուր ցեղասպանություն:
Ցեղասպանությունը հանցագործություն է, ոչ թե հակամարտություն:
Հայոց ցեղասպանությունը ճշմարտացի և արդար միջազգային լուծում է պահանջում, որով հանցագործ պետությունը կպատժվի, զոհերը հատուցում կստանան, և կկանխվեն ապագա ցեղասպանությունները: Մեկ բառով՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»: