Էրդողան. «Բոլոր երկրների ղեկավարներին ապրիլի 24-ին հրավիրել ենք Թուրքիա»
«Հայկական սփյուռքի կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության օր հայտարարված ապրիլի 24-ին աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել ենք Թուրքիա՝ մասնակցելու Դարդանելի պատերազմի 100-րդ տարելիցի նվիրված միջոցառմանը»,-նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ երկրում պաշտոնական այցով գտնվող Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ermenihaber.am»-ը, հղում տալով թուրքական «Թուրքիյե գազեթեսի» լրատվականին, հայտնում է, որ համատեղ ասուլիսի ընթացում Էրդողանը նաև հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա առևտրաշրջանառության ծավալը ներկա 5 միլիարդ դոլարից 2023-ին նախատեսում են հասցնել 25 միլիարդի դոլարի:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Էրդողանն ասել է. «Ծանոթացանք ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումներին: Տեսնում ենք, որ Մինսկի խումբը անկեղծ չէ: Նրանց ասածներն անընդունելի է»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, շնորհակալություն հայտնելով Էրդողանին Ադրբեջանին G-20 հրավիրելու համար, ասել է. «Ապրիլի 24-ին Դարդանելիում միասին ենք լինելու: Այդ օրվա ընտրությունը շատ կարևոր է: Հայաստանը խաղաղություն չի ուզում: Մինսկի խումբն էլ արդյունքի չի հասնում»:
Ալիևը նաև հավելել է, թե Հայաստանը շարունակում է «օկուպացրած» պահել Ղարաբաղը:
Նշենք նաև, որ թուրքական որոշ լրատվամիջոցներ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին բոլոր երկրների ղեկավարներին Թուրքիա հրավիրելը բնութագրում են որպես ռազմավարական և պատմական քայլ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան