Ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ. Գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում հունվարի 12-ին կատարված դաժան սպանության գործի քննության ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով քննչական խմբի ղեկավարների և դատախազական հսկողություն իրականացնող պաշտոնյաների հետ մեկնել է Գյումրի:
«Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, որպեսզի օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվություն կիրառվի ցանկացած անձի հանդեպ, որը որևէ առնչություն է ունեցել կատարված ողբերգության հետ»,-Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գլխավոր դատախազը:
Գ. Կոստանյանը վստահեցրեց, որ հանցագործություն կատարած անձը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի Հանրապետության տարածքում: