ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը բացատրություն է տվել Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարության վերաբերյալ
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն հունվարի 12-ին ամերիկյան NBC հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն էր արել, ինչն առաջացրել էր ԱՄՆ-ում և Ֆրանսիայում հայ համայնքների դժգոհությունը: Այս կապակցությամբ դեսպանը բացատրական նամակ է ուղարկել ԱՄՆ հայ դատի հանձնախմբին: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:
Բանն այն է, որ հաղորդման ժամանակ հաղորդավարը անդրադարձ է կատարել Շառլի Էբդո շաբաթաթերթի հակաիսլամական ծաղրանկարներին և Ֆրանսիայում խոսքի ազատությանը` ասելով, որ խոսքի ազատության ավանդույթը Ֆրանսիայում ձևավորվել է 1700-ականներին, սակայն Ֆրանսիայում գործում է Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության ժխտման մասին օրենքներ: Դրան ի պատասխան Արոն նշել է, որ «իրականում Հայոց ցեղասպանության ժխտման մասին որևէ օրենք չկա: Կա միայն Հոլոքոստի ժխտման մասին, քանի որ դա կարծիք չէ: Հոլոքոստը տեղի է ունեցել: Այնպես որ, դուք կարծիք չեք հայտնում, երբ ասում եք, որ Հոլոքոստ չի եղել: Դա փաստ է»:
Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում դեսպան Արոն նշել է, որ իր նկատառումը կարող է սխալ ներկայացվել՝ լեգիտիմություն հաղորդելով Հայոց ցեղասպանության ժխտմանը:
Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանին, անդամ Րաֆֆի Համբարյանին դեսպանը հիշեցրել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հավաստիացրել իր համոզմունքը, որ Հայոց ցեղասպանությունը եղել է ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում