Էրդողանն ապրիլի 24-ին ՀՀ նախագահին հրավիրում է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ermenihaber.am» լրատվականը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է հաղորդվում Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Սերփիլ Չևիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում:
Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահներին կամ վարչապետներին, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Հոդվածի հեղինակը ուշագրավ է համարել նաև այն հանգամանքը, որ մասնակցության հրավեր է ուղարկվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով ավանդաբար ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթներ է ունենում` ցավակցելու համայն հայությանը:
ՀՀ նախագահին ուղարկված հրավերի կապակցությամբ, ըստ Չևիքջանի, թուրքական կառավարության ներկայացուցիչը հետևյալ պարզաբանումն է տվել. «Դարդանելիում մարտնչած և նահատակված զինվորների շարքերում եղել են էթնիկական տարբեր ծագման բազմաթիվ երիտասարդներ: Նրանց մեջ եղել են նաև հայեր: Այլ կերպ ասած` միասին ենք պայքարել, դրա համար էլ Սարգսյանին էլ է հրավեր ուղարկվել»:
Ընդգծվում է, որ եթե ամեն տարվա ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների գերլարման շրջանն է: Ահա թե ինչու է Անկարայի համար կարևոր հրավերի համար տվյալ օրվա ընտրությունը:
«Եթե Օբաման և Սարգսյանը ընդունեն այդ հրավերը, ապա դա կլինի պատմության մեջ մեծ հետք թողնող անակնկալ»,- գրում է «Միլլիյեթ»-ը:
Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներում (արդեն ավելի քան 1 տասնյակ) լայնորեն տարածվում է «Միլլիյեթ»-ի հրապարակած վերոնշյալ տեղեկությունը: Թուրքական լրատվամիջոցները Էրդողանի այդ քայլը բնութագրում են իբրև պատմական նշանակության քայլ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան