Մարդու հիշողության սահմանը կախված է կյանքի տևողությունից
The Question-ը հրապարակել է մի շարք տարօրինակ հարցերի պատասխաններ: Արդյոք մարդու ուղեղի մեջ կարո՞ղ է սպառվել հիշողության համար տեղը: Այս հարցին պատասխանել է ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիս-արևմտյան համալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Պոլ Ռեբերը:
«Այո, հնարավոր է: Բայց դեռ ոչ ոք դեռ չի հասցրել ապրել մինչև այդ պահը»,- նշել է Ռեբերը: Ռեբերի տվյալներով մարդու ուղեղում կա մոտ երկու կվադրիլիոն բայթ հիշողություն:
«Եթե պատկերացնենք, որ մարդու ուղեղը տեսախցիկ է, որը միացված է շուրջօրյա բարձրորակ նկարահանում անելու համար, ապա այնտեղ կտեղավորվի 300 տարի տևող ինֆորմացիա»,- պարզաբանել է Ռեբերը:
Անդրադառնալով օտար լեզուներ սովորողներին՝ ամերիկացի պրոֆեսորը նշել է, որ կյանքի ընթացքում սովորած լեզուների քանակը կախված է, թե որքան կապրի մարդը և որքան ջանքեր կգործադրի՝ լեզուներ սովորելիս:
«Չափը կյանքի տևողության մեջ է, ոչ թե հիշողության»,- հավելել է Ռեբերը:
Պրոֆեսորը նշել է, որ այն մարդիկ, որոնք ասում են, թե իրենց «ուղեղը ծանրաբեռնված է», իրականում չգիտեն՝ ինչպես օգտվել իրենց ուղեղի հնարավորություններից: Նա նրանց համեմատել է միլիոնավոր երգերով լցված iPod-ի հետ, որից դժվար կլինի գտնել այն երգը, որն անհրաժեշտ է, եթե սարքը լավ նավիգացիա չունի: Ըստ Ռեբերի՝ լավ նավիգացիայով օժտված են այն մարդիկ, որոնք լավ են սովորում և աշխատում են իրենց վրա: