Եթե գործը եղել է իրավական, ապա այժմ վերածվել է քաղաքականի. Թ. Պողոսյան
Մարդկանց վրդովված լինելու և այսպիսի վարքագիծ դրսևորելու պատճառն անարդարության զգացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանն՝ ավելացնելով, որ համոզիչ չեն այն վարկածներն, ըստ որի այս անձնավորությունը ծարավ է եղել, այդ դուռն է բաց եղել, մտել է, վախեցել և բոլորին գնդակահարել:
«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի իրականացվի ոչ շահագրգիռ կողմի քննությունը: Հայ իրավապահները իրենց գործողություններով սադրել և գազազացրել են մարդկանց, մինչդեռ քաղաքացիները պարզապես սոլիդարության հավաքներ են անցկացրել»:
Քննարկմանը ներկա Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ էլ ռուս սահմանապահներն իրավունք չունեին Պերմյակովին հանձնել զորամաս և եթե անգամ ռուս սահմանապահներն են նրան բռնել, ապա պարտավոր էին հանձնել հայ իրավապահներին, քանի որ հանցագործությունը Հայաստանի տարածքում է տեղի ունեցել:
Անդրադառնալով Գյումրիում տեղ ունեցող հավաքներին նա ընդգծեց. «Գյումրեցիները կասկածում են, որ հանցագործը ընդհանրապես պատասխանատվություն կկրի»:
Նա նաև շեշտեց, որ խիստ կասկածներ ունի, որ նախապես փոխհամաձայնության են եկել, այս իրավիճակը ստեղծելու համար:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ հանցագործը գտնվում է ռուսական արդարադատության իրավազորության տակ, և որ դատավարությունը տեղի կունենա հինգերորդ կայազորային դատարանում. «Կան երկու՝ ՀՀ-ում և ՌԴ-ում հարուցված գործեր, համատեղ քննություն է ընթանում, դրանք կմիավորվեն մեկ գործի մեջ: Դատավարությանը հայ հանրությունը կարող է հետևել»:
Անդրադառնալով հարցի քաղաքական կողմին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ գործն ամոբողջությամբ վերածվել է քաղաքականի. «Հայաստանում խախտվել է միջպետական պայմանագիր: Միջազգային պայմանագրով պետք է ձևավորվեր համատեղ հանձնաժողով»:
Նա նաև անհասկանալի համարեց սգո օրեր չհայտարարվելը. «Տասնմեկ հոգի Ֆրանսիայում գնդակահարեցին, համաեվրոպական սգո օրեր հայտարարվեց, չեմ ուզում չափերի խնդիր բացել, բայց վեց հոգանոց ընտանիքի սպանությունը մեր երկրի համար ավելին է, քան 11 հոգին Ֆրանսիայի»:
Թ. Պողոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ն ունի նախաձեռնություն՝ չորս հանձնաժողովների համատեղ նիստ կանչելու և քննարկելու, թե միջազգային պայմանագրերի ինչպիսի խախտումներ են եղել:
Հելսինկյան կոմիտեի նախագահն էլ ավելացրեց, որ պարբերաբար հեռուստատեսությամբ պետք է իշխանությունները ներկայացնեին իրավիճակը, ոչ թե «Եռանկյունի» ֆիլմը ցուցադրեին, ոչ թե ինֆորմացիան միայն համացանցում լիներ: