Սթրեսը թույլ չի տալիս կարեկցել անծանոթներին
Հետազոտողները գտնում են, որ սթրեսը թույլ չի տալիս կարեկցել անծանոթներին: Այս մասին գրում է «Բի-բի-սին»: Ըստ այդմ` տարբեր փորձեր են կատարել մարդկանց և մկների վրա: Փորձերը ցույց են տվել, որ երբ սթրես առաջացնող հորմոնները կանխվում են համապատասխան դեղորայքի օգնությամբ, մարդկանց նկատմամբ կարեկցանքը մեծանում է:
Կանադացիներից և ամերիկացիներից կազմված հետազոտող խումբն իր բացահայտումները հրապարակել է Current Biology-ում: Խմբի նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուրիշի ցավը զգալը և կիսելը միայն մարդկանց չէ բնորոշ: Մկները ևս կարող են կարեկցանք ապրել:
Թե մարդու մոտ, թե մկների, նկատվել է, որ ծանոթների նկատմամբ կարեկցանքն ավելի մեծ է: Փորձերի արդյունքում պարզվել է նաև, որ անծանոթների ներկայությամբ և մարդկանց մոտ, և մկների մոտ սթրեսի մակարդակը բարձրանում է:
Նյարդաբան Ջեֆրի Մոգիլը, որն ուսումնասիրության հեղինակն է, նշել է, որ իր ղեկավարած խմբի բացահայտումները ցույց են տալիս, որ մարդու ուղեղում սթրեսի համակարգը «կարող է վետո կիրառել» կարեկցանքի համակարգի նկատմամբ: Նյարդաբանն ինտրիգային է համարում այն փաստը, որ մկների և մարդկանց պարագայում սթրեսի ազդեցությունը կարեկցանքի մակարդակի վրա նույնական է: