Երբ գերիշխողը Լույսն է
Այսօր «Հայ գիրք» գրախանութում տեղի կունենա երաժիշտ, լրագրող, բանաստեղծ Արա Ալոյանի «Մի լուսացիր» և «Ոտնահետքեր ջրաներկով» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը: Գրական շրջանակներում արդեն ճանաչում ձեռք բերած երիտասարդ գրողի գրքերի լույս տեսնելը սպասված իրադարձություն էր նրա երկրպագուների համար:
Հեղինակը խոստովանում է, որ իր համար այս երկու նոր գրքերն առանձնահատուկ են ու հանգրվանային:
«Առաջին բնական հարցը, որն ունի ձեզնից յուրաքանչյուրը, թերևս, այն է, թե ինչու միանգամից երկու գիրք: Եթե հիշենք հայտնի ճշմարտություններից մեկը, ըստ որի՝ գրքի լուսընծայումը նման է երեխայի ծնվելուն, ապա այս դեպքում պետք է ասել, որ երկվորյակներ են լույս աշխարհ եկել: Սա դիպվածի նախախնամությունն է, ծագումնաբանական կողմը: Բայց, մեծ հաշվով, 2014-ի տարեվերջին հրատարակված երկու ժողովածուներն էլ (և, ի դեպ, առաջին ժողովածուն էլ ու, առհասարակ, իմ ամբողջ գրականությունը) համընդհանուր, չընդհատվող սիրերգություններ են կամ ավելի ճիշտ աստվածախոսություն, շարունակվող անանձնական զրույց իմ, ընթերցողի, մարդու, Տիրոջ հետ»,- մեկնաբանում է Արա Ալոյանը:
Գրողը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ոտնահետքեր ջրաներկով» և «Մի լուսացիր» ժողովածուներն առանձնահատկություններն ունեն:
«Նախ՝ դրանք գոյավորվել են ինձ համար խորհրդանշական մի տարում՝ իմ 33-ամյա տարեդարձի շրջանակում, իսկ այդ հասակն ընդունված է համարել նազովրեցու երկրային տարիք: Այսինքն՝ այն ինչ-որ առումով նաև հանգրվանային է:
Նոր գրքերի մյուս յուրահատկությունն այն է, որ դրանցում ամփոփված են վերջին տասը և ավելի տարիների ստեղծագործությունները, որոնք, ի տարբերություն իմ անդրանիկ ժողովածուի, տարբերվում են պոետական ու մարդկային հասունությամբ, կենսափորձով, ինչու չէ՝ որոշակի տառապանքով, այսինքն՝ ավելի շատ կենսագրական են, ապրված, քան՝ տպավորական, ճանաչողական: Ահա, այս հանգամանքով էլ պայմանավորված է երկու գրքերի գոյության փաստը՝ ասելիքի ու համեմատական ծավալայնության առումով»,- ասում է Ա.Ալոյանը:
Ինչ վերաբերում է գրքի անվանումներին, ըստ նրա, դրանք մեկ ընդհանուր գաղափարախոսության կրողներ են: Երեք գրքերում, ինչպես նշում է երիտասարդ գրողը, գերիշխողը Լույսն է և առ իրեն առաջացող քայլերը, որոշ դեպքերում՝ խոտոր, որոշ դեպքերում ուղիղ, որոշ դեպքերում էլ՝ անշեղ թևումներով ու սլացական:
«Բոլոր դեպքերում, դրանք բոլորն էլ ազնիվ գոյություններ են, առանձին ճակատագրեր, որոնցից յուրաքանչյուրի ծնվելու համար պատասխանատու եմ ես, բայց որոնցից ամեն մեկն ինքնուրույն է հարթելու իր ճանապարհը՝ իր հանդեպ հակակրության ու համակրության վիթխարի ալիքները հաղթահարելով կամ, ինչ գիտես, խեղդվելով դրանցում: Բայց ոչ մեկը չի կարող նրանցից խլել ապրելու իրավունքը, հատկապես, երբ դրանք ազնվորեն հռչակված են իբրև լույսին նայող աչքեր»,- ասում է Արա Ալոյանը:
Նշենք, որ Ա.Ալոյանի անդրանիկ` «Լույս դառնալուց առաջ» ժողովածուն հրատարակվել է 2003 թվականին: Բանաստեղծը արժանացել է մի շարք մրցանակների: Տպագրվել է հանրապետական ու գրական մամուլում` «Կանչ», «Գարուն», «Գրական թերթ», «Անդին», «Գրեթերթ», «Հայաստան» «Գեղամա աշխարհ» և այլն: Հանդես է եկել նաև հրապարակախոսություններով, գրաքննական ակնարկներով, մասնավորապես` Լևոն Խեչոյանի «Սև գիրք, Ծանր բզեզ» և Վահան Թամարյանի «Շրջանագիծ» ժողովածուների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու