ՊՆ կողմից իրականացված ծրագրերին մասնակցել է քոլեջների և ուսումնարանների 12000 մասնակից
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ:
ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը տարեցտարի ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ: Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին սպառնալիքները` պաշտպանության նախարարն ընդգծել է Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաև Արցախյան պատերազմի ընթացքում ձեռքբերված արժեքներն աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել մեր երկրի հետագա զարգացումը:
Որպես ազգային ինքնության պահպանման կարևորագույն նախադրյալ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում փաստել է, որ հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդունքում հաջողվել է լուրջ տեղաշարժեր արձանագրել: Օրինակ, որպես նորամածություն` 2014թ. հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ազգային երգ ու պար առարկան, կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև ավարտական դասարաններում ՆԶՊ-ը քննական առարկա դարձնելու ծրագիրը:
Նիստի ընթացքում հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2014 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումների, առկա բացթողումները շտկելուն միտված նախաձեռնությունների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով ընդգծել է, որ մարտունակ բանակ ունենալու համար անհրաժեշտ է դաստիարակել ազգային ինքնության և հպարտության զգացումով համակված սերունդ:
Կարևորելով վերոնշյալը՝ 2014 թվականին ՀՀ ՊՆ կողմից իրականացվել է 17 խոշոր ծրագիր, 46 թիրախային միջոցառումներ` ներգրավելով 1100 դպրոցների, քոլեջների և ուսումնարանների 12000 մասնակիցներ: Կազմակերպվել են միջոցառումներ նվիրված ազգային հերոսներին, անվանի զորահրամանատարների ծննդյան տարեդարձներին և զոհված ազատամարտիկների հիշատակին: Հատուկ ուշադրություն է դարձվել ՆԶՊ առարկայի դասավանդման շարունակական կատարելագործման գործընթացին, հարստացվել է դպրոցների ուսումնանյութական բազան: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում զորամասեր են այցելել բուհերի և երիտասարդական կառույցների 800-ից ավելի ներկայացուցիչներ: Իրականացվել են նաև մի շարք հետազոտական աշխատանքներ, ըստ որոնց` 800 հարցված երիատասարդների ավելի քան 60 տոկոսը հայկական բանակին տվել է լավ և գերազանց գնահատականներ:
Որպես մտահոգիչ փաստ ներկայացվել է 820 ուսանողների և աշակերտների շրջանում իրականացված սոցիալական հարցման արդյունքը, որի համաձայն հարցվողների ավելի քան 60 տոկոսը բացասաբար չի վերաբերվել քրեական հեղինակություններին տուրք տալուն, 80 տոկոսը հայհոյելը չի ընկալել որպես արատավոր երևույթ, իսկ 64 տոկոսը բացասաբար չի վերաբերվել մականուն ունենալուն, ինչի նպատակով էլ ազգային բանակում իրականացվում են հիմնարար բարեփոխումներ:
Զեկույցներով հանդես են եկել նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են իրենց կողմից հաշվետու ժամանակահատվածում ընդունված որոշումներն ու իրականացված քայլերը, ամփոփեցին նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քննարկվել են նաև ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվել 2015-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը:
Ամփոփելով նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նկատել է, որ զեկույցներում ընդգրկված մի շարք փաստարկներ իրապես մտահոգիչ են և հարկ է առավել մեծ ջանքեր գործադրել առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Նիստի ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացան գերատեսչական պարգևների, պատվոգրերի, արժեքավոր նվերների:
Նիստին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան