Բացի հրադադարի ռեժիմը խախտելուց, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 11-17-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, իսկ վերջիններս կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր:
ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին: