«Ռուս քննիչը փոխանցեց, որ Պերմյակովին պաշտպանելու համար Ռուսաստանից փաստաբան է եկել». փաստաբան
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը, ով ընդամենը մի քանի ժամով եղել է Գյումրիում Ավետիսյանների ընդանիքի վեց անդամի սպանության և վեց ամսական երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պաշտպանը՝ դեռևս կասկածյալ լինելու ժամանակ, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նա հարցաքննության, անձնական խուզարկության ընթացքում իրեն հանգիստ էր պահում, նորմալ, հոգեկան հիվանդի տպավորություն չի թողել: Նա ասաց, որ իրեն հունվարի 13-ին Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Մկրտչյանն է դիմել՝ որպես փաստաբան ներգրավվել գործին: Նա ասաց, որ հունվարի 13-ի ժամը 5:00-ից մինչև 11:00-ն է ներգրավված եղել գործում:
Թամարա Յայլոյանի խոսքով, Պերմյակովը հարցերին հիմնականում պատասխանում էր՝ չգիտե, չի կարող ասել ինչու է այդպես վարվել:
Վ. Պերմյակովը, ըստ նրա, ասել է, որ ինքը մենակ է գործել, Ավետիսյանների ընտանիքին չի ճանաչել, որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել. «Նա պատմել է, որ լքել է զորամասը, ցանկացել է քաղաքը շրջելուց հետո վերադառնալ զորամաս: Զգացել է, որ ծարավ է: Տներից մեկի դարպասը բաց է եղել: Նա հանել է պատուհանի ապակին ու մուտք գործել: Ընտանիքի ադամներից մեկն արթանացել է, աղմկել, ձեռքը պարզել է դեպի բջջային հեռախոսը, ինքն էլ սկսել է կրակել: Փոքրիկ երեխային էլ է ուզել սպանել, ավտոմատը չի աշխատել, հարվածել է սվինով: Այնուհետև փոխել է հագուստը, ջուր խմել ու հեռացել»:
Փաստաբանն ասաց, որ, հունվարի 13-ի երեկոյան ռուսական կողմին հայտնել է, որ այլևս չի ցանկանում մասնակցել տվյալ գործին:
«Գործով ռուս քննիչը փոխանցել է, որ հունվարի 13-ի գիշերը Ռուսաստանից փաստաբան է եկել, թեև Հայաստանի Փաստաբանների պալատը պաշտպան է տրամադրել: Ռուս փաստաբանը մասնակցել է Պերմյակովի՝ որպես մեղադրյալ հարցաքննությանը և կալանքի սանկցիային»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն և դասալքություն: ՀՀ քննչական կոմիտեն նույնպես գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին